Հորդառատ անձրեւների պատճառով առաջացած սողանքի պատճառով Լոռու մարզի Թումանյան-Գյուլլագարակ հ 24 հանրապետական նշանակության ճանապարհը հունիսի 3-ին, ժամը 20:00-ից փակվել է, ինչի հետեւանքով Ձորագյուղ համայնքի բնակիչները զրկվել են Վանաձոր եւ Ալավերդի տանող միակ կարճ ճանապարհից:
Ձորագյուղ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանը NEWS.am-ին պատմեց, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել քարաթափումը, սողանքային գոտի է, ձգվում է մոտ 500 մետր։ Աողանքի հիմանական պատճառը գրունտի տակ եղած ջրերն են:
«Դեռ 2010թ. ԱԻՆ-ը եկել ուսումնասիրել է, երկրաբաններ են եկել: Եկել են այն եզրակացության, որ սողանքը շատ մեծ է և վերանորոգելը, շահագործելն անիմաստ է, անհրաժեշտ է շրջանցիկ ուրիշ ճանապարհ: 2011 թ. սկսել են շրջանցիկ ճանապարհ կառուցել, բայց կիսատ է մնացել: Նորից բարեկարգել ենք, որպեսզի կարողանանք անցնել»,-ասաց նա՝ նշելով, որ եթե սողանքային հատվածն իջնի, դրա հետևանքով կփակվի Ալավերդի-Վանաձոր մայրուղին, երկաթգիծը և գետը:
Չնայած այսօր առավոտյան կառավարության նիստին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը զեկուցեց, որ աշխատանքներ են տարվում Ձորագյուղի ճանապարհը բացելու համար, համայնքի ղեկավարը NEWS.am-ին տեղեկացրեց, որ ժամը 15։00- դրությամբ ԱԻՆ աշխատակիցները դեռ չէին ժամանել սողանքի վայր։
Քիչ առաջ Կառավարության կողմից Լոռու մարզ գործուղված մասնագիտական հանձնաժողովը տեղում ուսումնասիրելով սողանքային տարածքը, եզրակացրել է, որ այս պահին տարածքը մաքրելը վտանգավոր է, քանի որ սողանքը մոտ 300 մետրի վրա շատ ակտիվ է եւ տեխնիկա աշխատեցնելու դեպքում կարող է կրկնակի սողանք առաջանալ՝ փակելով Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։
Այս պահին մասնագետները ձորագյուղցիների անվտանգ կապն արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային ճանապարհ են փնտրում։
Ժան Գալստյան











