2014-2015 ուսումնական տարվա համար ՀՀ բուհեր է դիմել 12 346 դիմորդ, ամենամեծ թվով քննություն հանձնողները «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից են (1919 դիմորդ), ամենաքիչ դիմորդները «Իսպաներեն լեզու» եւ «Պարսկերեն լեզու» առարկաններից, պարսկերենի քննության համար ընդամենը 1 դիմորդ է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը։
«Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ պակասել է, մոտ 1500-ով, բայց ըստ առարկաների էական փոփոխություն չկա, օրինակ՝ աշխարհագրության գծով նույնն է, իսկ հայոց լեզվի եւ մաթեմատիկայի գծով պակասել են քննություն հանձնողները»,- ասաց Գագիկ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ դիմորդների թվի նվազման պատճառները շատ տարբեր են. «Մրցակցությունը ուժեղացել է Հայաստանում գործող արտասահմանյան բուհերում, դիմորդների մի մասը գնում է այդ բուհերը, նաեւ միջին մասնագիտական հաստատություններ դիմորդների թիվն է ավելացել, դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաեւ ծնելիության դինամիկայով, քանի որ այս տարվա դիմորդները 1996թ. ծնվածներն են, իսկ այդ տարիներին ծնելիությունը անկում էր ապրում, նաեւ արտագաղթն է այդ թվի նվազման պատճառ հանդիսանում»։
Անդրադառնալով հունիսի 3-ին առաջին միասնական քննություններին՝ Գագիկ Մելիքյանն ասաց, որ քննության ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։
Նա նշեց, իրենք ամեն տարի խստացնում են քննության կարգը, որպեսզի դիմորդները չօգտվեն հեռախոսներից եւ ծածկագրերից. «Տարեցտարի մենք խստացնում ենք, բայց տարեցտարի դիմորդների հնարամտությունն այս ոլորտում ավելի է կատարելագործվում։ Դիմորդներին եւ ծնողներին հայտնի է, որ գործում են խլացուցիչներ եւ քննասենյակում եւ զուգարանում, ուստի չեն կարող օգտվել հեռախոսից։ Խնդրանքս է, որ ծնողները չդիմեն այդպիսի քայլի, որովհետեւ ավելի խիստ ենք լինելու այդ հարցով։ Եթե բռնեցինք, որ երեխան օգտվում է հեռախոսից, այդ դեպքում մենք 0 ենք նշանակում եւ հեռացնում ենք դիմորդին քննասենյակից»։
ԳԹԿ տնօրենի խոսքով՝շտեմարանները վերանայվել են, եւ այս տարի համեմատաբար ավելի լավ շտեմարաններ են կազմվել, քան նախորդ տարի։
Անդրադառնալով կենսաբանության շտեմարանների հետ կապված դիմորդների եւ ծնողների դժգոհություններին, Գագիկ Մելիքյանն ասաց, որ նախորդ տարվա հետ համեմատած դրանք ոչ թե բարդացել են, այլ շտեմարանները համալրվել են նոր առաջադրանքներով։
«Սխալ է այն, որ ասում են՝ շտեմարանները բարդացել են, այդպես չէ, շտեմարանները կարող են շատ բարդ լինել, բայց թեստը շատ հեշտ լինի, կախված՝ թե թեստ կազմողն ինչ առաջադրանքներն է տեղադրում թեստի մեջ։ Ուստի շտեմարանի գծով պետք է չդատենք, թե բարդ է քննությունը, թե հեշտ, այլ թեստի մակարդակով»,- ասաց Գագիկ Մելիքյանը։
Նա նշեց, որ քննությունից 5 օր անց գնահատականները կփակցվեն, դրանից հետո դիմորդները կարող են իրենց բողոքները ներկայացնել բողոքարկման հանձնաժողով։
Նշենք, որ ընդունելության միասնական քննությունների համար Երեւանում բացվել է 10, իսկ մարզերում՝ 24 քննական կենտրոն։
Հունիսի 3-ին միասնական քննություններին կենսաբանություն առարկայից քննություն է հանձնել 1500 դիմորդ, աշխարհագրությունից 300 դիմորդ եւ համաշխարհային պատմությունից՝ մոտ 150 դիմորդ։











