Երեւանում 2015թ. կբացվի միջազգային ստանդարտներին համապատասխան գեղասահքի նոր դպրոց, որը հայ գեղասահորդներին հնարավորություն կտա մարզվել հայրենիքում: Այսօր՝ մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցեց նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռուսաստանից  հիմնարկեքի արարողությանը մասնակցելու էր եկել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, որի անունն էլ կկրի մարզադպրոցը։ Դպրոցի կառուցումից հետո օլիմպիական չեմպիոնը խոստացել է աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում (ֆոտոռեպորտաժ):

Իրինա Ռոդնինան ասաց, որ նման դպրոցի կառուցումը եղել է իր երազանքը. «Նմանատիպ դպրոցի կառուցման ծրագիր եղել է նաեւ Մոսկվայում, ինչը, սակայն, իրականություն չդարձավ: Սակայն չի կարելի հետ կանգնել սեփական երազանքների իրագործումից, եւ դրա շնորհիվ ինձ հաջողվեց երազանքս իրագործել այստեղ»

Գեղասահքի սպորտի վարպետ խոսքով՝ այդ դպրոցը հնարավորություն կտա հայ չեմպիոններ մեծացնել:

«Հայաստանից միշտ ունեցել ենք լավ ու հետաքրքիր գեղասահորդներ, բայց միշտ խնդիր կար սառույցի հետ կապված: Ես հույս ունեմ, որ այս սահադաշտը շատ հարցերում կօգնի: Կօգնի մեծացնել նոր չեմպիոններ, որոնցով կհպարտանա երկիրը: Այս մարզաձեւի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է սառույց եւ մասնագետներ, երեխաների եւ ծնողների ցանկությունն էլ ամենակարեւորն է: Հույս ունեմ, որ այս սառույցը զբաղված կլինի առավոտից մինչեւ երեկո, եւ գեղասահքից բացի այստեղ կսովորեն նաեւ հոկեյ: Ես հույս ունեմ, որ երբ այստեղ ամեն ինչ պատրաստ լինի, Ռուսաստանից էլ շատ մասնագետներ կժամանեն, դասեր կանցկացնեն, փորձով կկիսվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իրինա Ռոդնինան:

Դպրոցը կառուցվելու է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։ Գործարարը նույնպես մասնակցում էր հիմնարկեքի արարողությանը։

Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ, կառույցի շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Կառույցի ճարտարապետն է Սամվել Գյուլնազարյանը:

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ այս սահադաշտի բացումը կնպաստի մասնագիտական սպորտի զարգացմանը:

«Մենք այսօր ունենք մեկ սահադաշտ Մարզահամերգային համալիրում, մի Կարապի լիճ, մենք բոլորս գիտենք, որ դրանք մեզ չեն տալիս մեծ հնարավորություններ: Սա մեծ համալիր կլինի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասաց սպորտի նախարարը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am