Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի նախկին գյուղապետը համայնքային ընտրություններին իրեն ձայն չտալու համար իր համագյուղացի Ֆելիքս Մկրտչյանի հողատարածքում եկեղեցի կառուցելու թույլատվություն է տվել՝ առանց նրան տեղյակ պահելու: Երկու տարի անց գյուղացու կամքին հակառակ իր այգում եկեղեցի են կառուցում՝ կտրելով նրա մշակած պտղատու ծառները:

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում եկեղեցի են կառուցում մի տարածքում, որը բնակիչներից մեկը՝ Ֆելիքս Մկրտչյանը, տարիներ շարունակ մշակել է, դարձրել մրգատու այգի: Գյուղացիների պնդմամբ՝ Բարձրաշենի նախկին գյուղապետն այդ տարածքում եկեղեցի կառուցելու թուլտվություն է տվել  գյուղապետի ընտրություններին իրեն ձայն չի տալու համար Ֆելիքս Մկրտչյանից վրեժ լուծելու նպատակով: Երկու տարի անց գյուղացու կամքին հակառակ իր այգում եկեղեցի են կառուցում՝ կտրելով նրա մշակած պտղատու ծառերը:

Ֆելիքս Մկրտչյանի փաստաբանի խոսքով՝ գյուղապետն այն ժամանակ խաբել է ավագանուն, որն էլ եկեղեցին կառուցելու համար հողատարածքը տրամադրելու որոշում է կայացրել:

«Ավագանին է որոշում կայացնում հողատարածք հանձնելու վերաբերյալ: Նախկին գյուղապետը ավագանու անդամներին թյուրիմածության մեջ է գցել: Ավագանուն ասել է, որ եկեղեցին պետք է կառուցվի մի հասցեում, որն ամայի վայր է, սակայն որոշման մեջ նշված է եղել Ֆելիքս Մկրտչյանի հողատարածքի ծածկագիրը»,-NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց փաստաբան Յուրա Մարտիրոսյանը:  Նա նշեց, որ դիմել է դատարան՝ որոշումը չեղյալ համարելու հայցով: Բացի այդ տեղեկացրեց, որ կադաստրային նոր չափագրումների արդյունքում մի քանի տարի է՝ հողամասը հաշվառված է Ֆելիքս Մկրտչյանի անվամբ՝ որպես տնամերձ հողատարածք, և իրավունք չունեին այդ տարածքը որեւէ մեկին տրամադրել:

Բարձրաշենի գյուղացիները NEWS.am-ին ասացին, որ իրենք նույնպես դեմ են, որ այդ հողատարածքում եկեղեցի կառուցվի: Մոտ 100 գյուղացիների ստորագրությամբ նրանք նամակներ են ուղարկել հանրապետության նախագահին ու կաթողիկոսին:

Գյուղացիների խոսքով՝ եկեղեցին կառուցելու համար իրենք ևս գումար են հատկացրել՝ չիմանալով, թե որտեղ է այն կառուցվելու:

«Չի կարելի մի հաջողությունը ուրիշի անհաջողության վրա կառուցել: Ինչո՞ւ են կառուցում, եթե պետք է 20 հավատացյալի սրտով լինի, իսկ մյուսները զզվանքով նայեն էդ եկեղեցուն։ Եթե իրենք ասում եք՝ սուրբ գործ են անում, մարդիկ գալիս, ասում են՝ խի՞ եք մարդկանց տունը քանդում-սարքում, ինչի՞ հաշվի չեն առնում, սարքում են: Եկեղեցին չպետք է էդպիսի  խարդախության, ստի, հարամ բանի վրա կառուցվի»,- ասաց գյուղացիներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

Ֆելիքս Մկրտչյանի տղայի՝ Արթուրի խոսքով, Բարձրաշենի նոր գյուղապետը՝ Սուրիկ Սարգսյանը, իրենց խոստացել է, որ եկեղեցին չի կառուցվի, բայց, միևնույն ժամանակ, շահագրգիռ մարդկանց ասում է, որ եկեղեցին կառուցվելու է:

Գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի անօրինական բան չի եղել, և եկեղեցին կառուցվելու է: Նրա խոսքով՝ վիճելի տարածքը փաստաթղթերով Ֆելիքս Մկրտչյանին չի պատկանում, նա սեփականության վկայական չունի։ Մինչդեռ Ֆելիքս Մկրտչյանը պնդում է, որ այդ տարածքը կադաստրում հաշվառված է որպես իր տնամերձ հողատարածք, քանի որ ինքը մինչեւ հիմա ամեն ամիս հարկեր է վճարել այդ տարածքի համար։

Բարձրաշենի նախկին գյուղապետ Կամո Բաբայանը չցանկացավ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալ։ «Սխալ է, չեմ ուզում ձեզ հետ խոսել»,- NEWS.am-ի թղթակցին հեռախոսով ասաց նախկին գյուղապետն ու անջատեց հեռախոսը։

Նշենք, որ օրեր առաջ բետոնապատել են տարածքը, որտեղ որ պետք է եկեղեցին կառուցվի, և տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: