Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ -Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, թե համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից, երկրաբաններից եւ ճարտարագետներից ձեւավորված մասնագիտական խումբն այցելեց սողանքի վայր՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
Մասնագետները միաբերան նշում են. այստեղ խիստ վտանգավոր է որեւէ տեսակի մեխանիզմի կամ տեխնիկայի միջամտությունը, քանզի ցանկացած պահի սարը կարող է փլուզվել՝ փակելով ոչ միայն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, այլեւ ճանապարհով անցնող երկաթգիծն ու թունելները:
Տեղանքում երկրաբանների ակնադիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սողանքը գնալով ակտիվանում է: Ըստ նրանց՝ նույնիսկ մարդկանց շարժն այդ տարածքում պետք է արգելել:
Որպես խնդրի լուծում՝ մասնագետներն առաջարկում են վերականգնել սողանքային հատվածը շրջանցող 4.2 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհը, որը Լոռու եւ Ալավերդու ճանշինների կողմից հարթեցման աշխատանքներ կատարելուց հետո կդառնա երթեւեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ներկայում Ձորագյուղ համայնքի բնակիչները երթեւեկում են վթարված ճանապարհահատվածի շարունակությունը կազմող հանրապետական նշանակության ճանապարհով, որը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենաերկար ուղին է:













