Համացանցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ցուցադրող նոր տեսանյութ է հայտնվել: Սպիտակ տան ղեկավարն այնտեղ բավականին անսովոր տեսք ունի` մարզվում է սպորտսրահում:

The New York Times պարբերականը նշում է, որ նկարահանումը Վարշավայի Marriott  հյուրանոցի մարզասրահում է արվել: Հիշեցնենք` Օբամայի ընթացիկ եվրոպական շրջագայության առաջին կանգառը հենց այդ երկիրն էր:

Տեսանյութի հեղինակը հյուրանոցի բնակիչներից մեկն է: Կադրերում նախագահն այնքան էլ հաջող տեսք չունի` մեկ դեմքին ծիծաղաշարժ արտահայտություն է տալիս, մեկ էլ` հորանջում: Օբամայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հաստատել են տեսանյութի իսկությունը: Նրանց խոսքով, հյուրանոցի բնակիչները նախագահին տեսանկարահանելու իրավունք չեն ունեցել:

Մինչ այդ, համացանցում հայտնված տեսանյութը օգտատերերի մոտ մեկնաբանությունների փոթորիկ է առաջացրել: Նրանցից ոմանք ամերիկյան առաջնորդի մարզման գործընթացքը տպավորիչ չեն համարել` նկատելով, որ բարձրացվող կցագնդերը «կանացի»  եւ նույնիսկ` «մանկական» են, եւ շատ հնարավոր է` կնոջը` ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային են պատկանում:

Ոմանք էլ չարախնդորեն նկատել են, թե Օբաման այդ կերպ փորձում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել: