Ինչպես են մեր քաղաքացիները վերաբերվում 2014-2015թթ. էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնւթյանը։ Ինչպես 3,8-4,3 դրամ բարձրացումը կանդրադառնա հասարակ քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա։ Երեւանում NEWS.am-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ այսօր հասարակության սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ նույնիսկ մեկ լումայի թանկացման ազդեցությունը շոշափելի է։
«Անպայման կազդի, իսկ ո՞ւմ վրա չի ազդի որ։ Այս չաշխատող ժողովրդի վրա ինչի՞ չպիտի ազդի։ Իբր աշխատանքով ապահովեցին, աշխատավարձը բարձրացրեցին, մնացել էր էլեկտրաէներգիան թանկացնեն»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Լոռու մարզի բնակիչ Գուրգեն Դավթյանը:
«Առանց այդ էլ չենք կարում կոմունալները վճարել։ Պարտքի մեջ կուտակվել ենք։ Մի կերպ յոլա ենք գնում»,- ասաց Երեւանի բնակիչ Փայլակ Արշակյանը։
Քաղաքացիների կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը իր հետ կբերի այլ ծառայությունների եւ ապրանքատեսակների թանկացում, ինչը ներկայիս ցածր աշխատավարձերի, կենսաթոշակների ու բարձր գնաճի պայմաններում էական ազդեցություն կունենա ընտանեկան բյուջեի վրա։
«Կոմունալ վճարումները որ հանում են, իմ 40 000 դրամ թոշակից ինձ ոչինչ չի մնում։ Ինչո՞ւ են մեզ խեղդամահ անում»,- ասաց Նինա Գրիգորյանը։
Ոմանք առաջարկում էին ոտքի կանգնել ու պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 4-ին տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար 2014-2015թթ նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:











