Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, հակառակորդի կողմից այսօր՝ հունիսի 5-ին սպանված Բորիս Բենիկի Գասպարյանի մորը քիչ առաջ տեղեկացրել են, որ որդին սպանվել է։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տիկին Էմման շատ վատ վիճակում է, բժիշկը կողքից չի հեռանում։

Հարեւանները մեր թղթակցին պատմեցին, որ մայրը կանխազգացել է ողբերգությունը։ Այսօր առավոտյան հարեւաններին պատմել է, որ գիշերը վատ երազ է տեսել.

«Ասեց՝ բոլոր հարազատներով սեւ շորերով նստած էինք։ Մահացած ամուսնուն էլ էր տեսել, որը եկել էր որդուն տանելու, ինքն էլ չի տվել։ Երկու օր որդու հետ չէր խոսել։ Առավոտյան զանգել էր, պատմել երազը, ասել, որ զգույշ լինի։ Բորիսն ասել էր՝ մի անհանգստացի, վաղը պոստերից իջնելու եմ»։

Բորիսի  հայրը վեց ամիս առաջ էր մահացել քաղցկեղից։ Բորիսը տան միակ երեխան էր, ապրում էր մոր հետ։ Վայքում սիրած աղջիկ ուներ։ Հարեւանների պատմելով՝ սկսել էր տունը վերանորոգել, որ ամուսնանա, նույնիսկ մի քանի հարյուր հազար դրամի վարկ էր վերցրել ու կենցաղային իրեր գնել։ Գնումները դեռ փաթեթավորված դրված են տանը։

Հարեւաններն ասացին, որ տիկին Էմման վերջին երկու ամիսներին իրեն տարօրինակ էր պահում. ասում էր՝ մեր տանը սեւազգեստ մարդ է շրջում։

«Բայց որդու հետ չէր կապում։ Ինքը հիվանդ է, երիկամները վիրահատված են, մտածում էր՝ ինքն է մահանալու։ Ասում էր՝ ես մի թոռ եմ տեսնելու ու մեռնեմ»,- պատմեցին հարեւանները՝ նշելով, որ մայրը հավաքարար է աշխատում գյուղի դպրոցում, ընտանիքը սոցիալապես անապահով է։

10 օրից Բորիսի ծննդյան տարեդարձն էր, նա դառնալու էր 22 տարեկան։ Նրա մահը սգում է ամբողջ գյուղը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում այսօր դիպուկահարի կրակոցներից զոհվել են երկու պայմանագրային զինծառայող: Նրանցից մեկը Անդրանիկ Եղոյանն է՝ 26 տարեկան: Նա Արարատ քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ փոքրիկ երեխա: Մյուսը Բորիս Գասպարյանն էր՝ Արարատ գյուղից: