Երևանի պետական համասարանում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական ընդունելության քննության համար բացված քննական կենտրոնում քննական թեստերի կապոցը այսօր՝ հունիսի 6-ին, բացեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը (ֆոտոռեպորտաժ):
Մինչև քննական կենտրոն մտնելը նախարարը ծնողներին հորդորեց լավ տրամադրվել. «Իմ ոտքը խերով ա: 6 տարվա փորձ ունեմ»,-ասաց նախարարը:
Քննական սենյակում նա խոսեց դիմորդների հետ, հարցրեց՝ ինչ բողոքներ ունեն, վախենում են, թե ոչ:
Դիմորդները դժգոհեցին որ քննությունը բարդ է, նրանցից մեկն էլ պահանջեց, որ «վերացնեն քննությունները»: Դիմորդներից շատերը նախարարին բողոքեցին, որ շտեմարաններում շատ սխալներ են եղել: Նախարարը վստահեցրեց, որ թեստերում վրիպակներ չեն լինելու, լինելու դեպքում էլ դիմորդի օգտին է լուծվելու:
«Մենակ դժվար հարցերն եք հիշում, հեշտերն էլ կային, չէ՞։ Բա մայրենի է, պետք է բարդ լինի»,- դժգոհեց նախարարը։
Նախարարը հանձնաժողովի անդամներին հորդորեց ավելի ուշադիր լինել, զգուշացրեց, որ տեխնիկական միջոցները զարգացել են և դիմորդները, հնարավոր է, փոքրիկ ականջակալեր ունենան. «Կարելի ա՝ մյուս տարի մտածենք՝ մենակ պոչիկով գան, կամ կարճ կտրած՝ իմ պես»:
Դուրս գալիս նախարարը զրուցեց շենքի դրսում հավաքված ծնողների հետ, նրանց հորդորեց լավ տրամադրվել:
«Ձեր ուղարկած շոկոլադները տեղ էին հասել, հեռախոսներն էլ վերցրել էին»,- դրսում անհանգստացող ծնողներին տեղեկացրեց նախարարը:
Նշենք, որ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քննություն է հանձնում 8000 դիմորդ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











