ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեմ չէ կրկնուսույցների ինստիտուտին. ինքն էլ ժամանակին դիմել է նրանց օգնությանը, բաց դեմ է, որ նրանք հեղինակազրկեն դպրոցը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԵՊՀ-ում բացված քննական կենտրոնում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քննության ժամանակ լրագրողներին ասաց նախարարը:

«Մեր ժամանակվա կրկնուսույցները դպրոցի հաշվին չէին կայանում, խմբերը չէին ուռճացնում, 8-10 հոգի չէին խցկում մի խմբի մեջ: Կրկնուսույցների ինստիտուտը արմատավորված է տասնամյակներ շարունակ: Կրթության համակարգի նպատակը կրկնուսույցների դեմ պայքարելը չէ: Նրանք փորձում են ստեղծել տպավորություն, որ եթե երեխաները չպարապեն, չեն կարողանա ընդունվել: Մի քիչ ագահություն կա, երբ խումբ համալրելու ցանկությամբ՝ կրկնուսույցները պարապունքները նշանակում են դասաժամերին»,-ասաց Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ մտածում է առաջարկել, որ կրկնուսույցների համար հարկեր սահմանվեն, լիցենզավորեն նրանց, քանի որ, իր գնահատականով, այդ ոլորտում շրջանառության ստվերային շուկան 20-25 միլիոն դոլար է:

Նշենք, որ կրկնուսույցների մոտ պարապելու վարձավճարները տատանվում են ամսական միջինը 20 հազարից մինչև 60 հազար  դրամ: Մայրաքաղաքում և մարզերում վարձավճարը տարբեր է: Ամենից բարձր վարձավճարով պարապող կրկնուսույցները նրանք են, ովքեր որևէ կերպ կապ ունեն միասնական ընդունելության քննական թեստերը կազմողների հետ:   Ամենից բարձր վարձավճարը գործում է «Մաթեմատիկա» առարկայի դեպքում: