«Շիրակ Կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ կայքերում հրապարակված տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Քիչ առաջ այս մասին կայքին տեղեկացրել ու իր անսահման ուրախությունն է կիսել նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի:
«Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:
Ինպես ավելի վաղ հայտնել էր «Շիրակ կենտրոնը», 6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ էր տեղափոխվել բնակվելու: Միայն սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքի երեխաներին կենտրոնի աշխատակիցները հանդիպել էին քաղցած ու ոտաբոբիկ վիճակում:
Այս ընտանիքն իր հինգերորդ որդուն անվանակոչել էր ի պատիվ հանրապետության նախագահի, հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կկարողանան գրավել իշխանությունների ուշադրությունը:











