Հայաստանում նպատակային ընդունելության մեխանիզմը լիարժեք չի գործում։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննության ժամանակ ԵՊՀ այցելած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Արմեն Աշոտյանը նշեց մարզերում որակյալ կադրերի բացակայության երկու գլխավոր պատճառ. «Նախ դիմորդների ցանկությունն է քիչ, և երկրորդ, եղած դիմորդների մի զգալի մասն էլ ավարտելուց հետո ինչ-ինչ պատճառաբանություններով հրաժարվում է իր պետության առջև, համայնքի առջև իր խոստացած պարտականությունը կատարել»։
Մարզերում մասնագետների համար համապատասխան պայմանների առկայության մասին խոսելիս Աշոտյանը նշեց, որ կա դասավանդման գործուղումների ծրագիր, որի բյուջեի 40%-ը որպես կանոն չի օգտագործվում, քանի որ համապատասխան քանակությամբ մարդիկ չեն հավաքվում։ Ըստ նախարարի՝ շրջանավարտները մարզեր չմեկնելու ցանկությունը հիմնականում պատճառաբանում են իրենց անձնական կյանքով, ամուսնությամբ եւ այլ խնդիրներով։











