Գորիսում այսօր՝ հունիսի ութին, կայանալիք քաղաքապետի ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ավելի քան 5000 ընտրող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց թիվ 37 ընտրատարածքի նախագահ Արմեն Ստեփանյանը։

«Նախորդ ավագանու ընտրությունների համեմատ ընտրողների թիվն աճել է մոտ հազար ընտրողով։ Ընտրություններն անցնում են հանգիստ, ընտրախախտումներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա։

NEWS.am-ի թղթակիցը թիվ մեկ ընտրատեղամասից հաղորդում է, որ ընտրություններին մասնակցել են մոտ 600 քաղաքացի։ Ընտրատեղամասի նախագահ Սիրուշ Ադունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններն անցնում են հանգիստ, իսկ ընտրողների թիվն իրենց ընտրատեղամասի համար նորմալ է, քանի որ սովորաբար այսպես է լինում։

Այս ընտրատեղամասում գրանցված են մոտ 1500 բնակիչ, Սիրուշ Ադունցը հույս ունի, որ մինչեւ ժամը 20:00-ն, քվեարկածների թիվը կհասնի ինը հարյուրի։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ սա եզակի ընտրատեղամասերից է, որտեղ կան երկու թեկնածուների վստահված անձինք, նույնիսկ երկուական վստահված անձինք կան։ Այս փաստն էլ մի պահ կոնֆլիկտի առիթ դարձավ կողմերի համար, սակայն արագ հարթվեց։Նշենք, որ քաղաքապետի թեկնածուներն են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը։