«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել երկկողմանի ծնողազուրկ երեխաների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Այսօր ներկայացվող տեսանյութը 5 մանկահասակ այդպիսի երեխաների եւ նրանց խնամակալ 78-ամյա տատիկի ապրելակերպի մասին է:

Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նրանց բառիս բուն իմաստով հայտնաբերել էին դեռ երկու տարի առաջ՝ Գյումրու Մուշ-2 թաղամասում իրականացվող բնակբաշխման գործընթացի օրերին: Այդ ժամանակ երեխաները բնակվում էին քաղաքամերձ տարածքներից մեկում տեղադրված խարխուլ տնակում, հաշմանդամություն ունեցող, հիմա արդեն վաղամեռիկ հոր հետ: Այդ օրերին նրանց փնտրելու առիթն այն էր, որ նրանք թեեւ բնակարան ստանալու շահառու էին, սակայն երկար ժամանակ չէին ներկայանում բնակբաշխման վիճակահանությանը, ինչի պատճառով հայտնվել էին նոր բնակարանից զրկվելու վտանգի առջեւ: Բարեբախտաբար նրանց կարողացել են գտնել ժամանակին ու հրավիրել վերջին բնակբաշխման վիճակահանությանը:

Այսօր «Շիրակ կենտրոնի» գործընկերների օժանդակությամբ ձեռք բերված օգնությունը տրամադրելու նպատակով կրկին այցելել են այս ընտանիքին, որը երկրորդ տարին է՝ բնակվում է նոր ստացած տանը: Երեխաներից մեծը՝ 17-ամյա Անահիտը, մեկ տարի առաջ ամուսնացել էր եւ սպասում էր փոքրիկի: Մյուս 4 մանկահասակ երեխաներն ապրում են տարեց տատիկի խնամակալության ներքո: Այսօր դժվար է անգամ պատկերացնելը, թե ինչ կլիներ նրանց վիճակը, եթե զրկվեին բնակարանից ու հոր մահից հետո էլ շարունակեին բնակվել այն խարխուլ տնակում:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: