Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ամենամեծ խնդիրը ծանրաբեռնվածությունն է: Այս մասին NEWS.am-ին ասաց արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը, որն աշխատանքային այցով հունսի 8-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր, որտեղ անակնկալ այցելել է «Վանաձոր»  ՔԿՀ:

«Ծանրաբեռնվածության հարցը փորձելու ենք լուծել տարբեր միջոցներով՝ մասնավորապես նոր քրեակատարողական հիմնարկների կառուցմամբ: Շուտով Արմավիրում շահագործման կհանձնվի մեկը, այնուհետեւ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում շահագործման կհանձնվեն երկրորդ ու երրրորդ բլոկերը: Կառավարությունը դրել է նաև պրոբացիոն ծառայության ստեղծման խնդիր, որը նույնպես կբեռնաթափի ԿՔՀ-ները»,-ասաց արդարադատության նախարարը:

Հովհաննես Մանուկյանը փոխնախարարների ուղեկցությամբ շրջեց բանտախցերով, ստուգայց կատարեց խոհանոցում, զրուցեց դատապարտյալների հետ: Ամբողջ շրջայցի ընթացքում նախարարության ներկայացուցիչները նշումներ էին կատարում իրենց նկատած խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարի, ավելի ուշ քննարկվելու են եւ առաջարկվելու են լուծումներ:

«Վանաձոր» ՔԿՀ-ում նախարարն առանձնացրեց հատկապես խցերի ծանրաբեռնվածությունը, որտեղ վեց կալանավոր է ապրում մեկ կամ երկու հոգու համար նախատեսված բանտախցում, նաեւ առաջարկեց քայլեր ձեռնարկել երկաթյա մահճակալները փոխելու ուղղությամբ, քանի որ կալանավորները դրանք հաճախ որպես գործիք են օգտագործում ինքնավնասվելու կամ միմյանց վնասելու համար:

 Նախարարը նաև առաջարկեց քննարկել միջազգային փորձն ու թեկուզ որոշակի կայքերի մատչելիությունը սահմանափակելով՝ համակարգիչներ տեղադրել ՔԿՀ-ներում և ապահովել ինտերնետային կապով: Հովհաննես Մանուկյանը առաջարկեց քննարկել նաև կալանավորների ճաշացանկը փոփոխելու հնարավորությունները:

Ավելի վաղ նախարարն այցելել էր նաև «Կոշ» ՔԿՀ: