«Կենսաբանություն» առարկայի միասնական ընդունելության թեստերում դիմորդները սխալներ են գտել, որոնց վերաբերյալ բողոքներն այսօր՝ հունիսի 9-ի  առավոտվանից ներկայացնում էին քննական կենտրոններ:

Դիմորդ Բագրատ Բաղդասարյանը, որը ԵՊՀ-ում բացված քննական կենտրոն էր եկել՝ բողոքարկելու իր գնահատականը՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հինգ սխալ է գտել թեստում: Դիմորդն իր հետ բերել էր կենսաբանության դասագրքերը, որոնցով պարապել  էր ընդունելության համար: Նրա խոսքով թեստերում հարցի ճիշտ պատասխան է համարվել այն, ինչ նշված է եղել շտեմարանում, այնինչ կենսաբանության դասագրքերում  նույն հարցն այլ պատասխան ունի:

«Թեստերի մեջ նենց հարց կար, որի ձևակերպումն արտագրված էր գրքից, բայց որոշ բառեր փոխված են: Օրինակ հարց կար, որտեղ «փոփոխություն» բառը «փոփոխականություն» բառով էին փոխարինել, որը տարբեր իմաստ ունի: «Փոփոխականությունը» կենսաբանական տերմին է, որը կոնկրետ այս հարցի դեպքում գրել չի կարելի: Քանի որ չէր համապատասխանում գրքի տվյալներին, ես նշեցի, որ պնդումը սխալ է։ Տրամաբանորեն մոտենալու դեպքում էլ էր պնդումը դառնում սխալ, չնայած իրենք ընդունել են ճիշտ»,-նշեց Բագրատը:

Նա ասաց, որ հարցերը, որ բողոքարկել է, միասին կազմում են 1.75 միավոր, ինչն իր ստացած գնահատականին գումարելու դեպքում ինքը հնարավորություն կունենար անվճար ընդունվելու:

Դիմորդը պատմեց, որ 4 շտեմարանով է պարապել, որոնցում ընդհանուր 7500 քննական թեստ է եղել: Նրա խոսքով՝ շտերմարաններում բազմաթիվ սխալներ են եղել:

«Եթե 7500 թեստը անգիր անեինք, իրենց տված սխալ պատասխաններով, հանգիստ կգրեինք թեստը: ԳԹԿ կայքում տեղադրել էին շտեմարանների սխալ հարցերի ճիշտ տարբերակները, ու երեք հարցի ճիշտ պատասխանը սխալ էին դարձրել»,-ասաց նա:

Դիմորդներից Անի Իվանյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ  իր ծանոթներից շատերն են ցածր միավորներ ստացել. «Շատ դժվար է եղել: Մոտ 500 հոգի իմ իմանալով կտրվել են ու էն երեխեքը, որոնք երեք տարի պարապել են. ստացել են 4, կամ 3.5: Քաղաքային Օլիմպիադայում երկրորդ տեղ բռնած տղան անցողիկ չի հավաքել»:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը NEWS.am-ին ասաց, որ ստեղծված բողոքարկման հանձնաժողովը դիմորդների բողոքները կքննարկի հունիսի 23-ից  26-ը, իսկ արդյունքները պարզ կլինեն հունիսի 29-ին:

«Ցանկացած բողոք բողոքարկման հանձնաժողովը կքննարկի: Պատասխանները կուղարկվեն դիմորդներին: Թվանշանային արդյունքները կփակցվեն քննական կենտրոններում, իսկ եթե բովանդակային բողոքներ են, պատասխանն ուղարկվում է հասցեատիրոջը»,-նշեց նա:

Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ «Կենսաբանություն» առարկայից դիմորդների ստացած միջին միավորը եղել է 11,17, դիմորդների 25%-ը անցողիկ շեմը չի հաղթահարել, իսկ առավելագույն՝ 20 միավոր հավաքել է նրանցից 27-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից, հունիսի 6-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: