Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշաննների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ մեքենաներով այսօր՝ հունիսի 10-ին, «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից սկսեցին հերթական ավտոերթը, որն ընդհատվեց ու վերաճեց բախումների (ֆոտոռեպորտաժ

Մինչեւ երթի սկսվելը Երևանի ՃՈ վարչության պետ Արսեն Արշակյանը հայտարարեց, որ երթն արտոնված չէ, և ճանապարհային երթևեկության ցանկացած խախտում կատարող կենթարկվի վարչական տույժի։ Ավտոերթի մասնակիցները հակադարձեցին, որ ավտոերթն արտոնելու մասին օրենքում կետ չկա, բացի դրանից արտոնվում են միայն 100-ից ավելի մասնակից ունեցող երթերը:

Լենինգրադյան փողոցում ավտոերթը կանգ առավ, քանի որ ոստիկանները փակել էին դեպի Շինարարներ տանող ճանապարհը եւ պատճառաբանում էին, որ այդ փողոցներում կարող են խցանումներ առաջանալ։ Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին շարժվել ոստիկանների առաջարկած երթուղով։ Սկսվեցին բախումներ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, որոնց ուժերը համալրել էին կարմիր բերետավորները։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներ Արմեն Մելիքյանին եւ Արմեն Բիլանյանին՝ պատճառաբանելով, որ նրանք չեն ենթարկվել ոստիկանների հրահանգին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ավտոերթի մասնակիցները կանգնած են Լենինգրադյանի վրա, որտեղ խցանումներ են առաջացել։ Նրանք ասում են, որ չեն հեռանա, մինչեւ իրենց երկու ընկերներին ազատ չարձակեցին։

Այսօրվա ավտոերթը հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ սա նախաձեռնության երրորդ ավտոերթն Է: Նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am