Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (հասարակությանը առավել հայտնի «Նավակ Ճոճողը» անունով) այսօր՝ հունիսի 11-ին, Աֆրիկյանների շենքի պահպանման համար քաղաքացիական նախաձեռնության հավաքի ժամանակ բարձրացավ Աֆրիկյանների տան ամենաբարձր հատվածը եւ այնտեղ տեղադրեց Հանրապետական կուսակցության «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշը։ (ֆոտոռեպորտաժ)
«Այս կառույցի քանդումը իշխանության, հանրապետականների ձեռքի գործն է»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը՝ բացատրելով, թե ինչու է փակցրել դրոշը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած Աֆրիկյանների տան մոտ բազմաթիվ ոստիկաններ կային, բայց նրանցից ոչ ոք չփորձեց կանգնեցնել ակտիվիստին կամ իջեցնելդրոշը։ Ոստիկանները հեռախոսով քննարկեցին ակտիվիստին բերման ենթարկելու հարցը, սակայն նրան այդպես էլ բերման չենթարկեցին։
Նշենք, որ իրենց հետագա անելիքները որոշելու համար շենքի դիմացի մայթի աստիճանների մոտ հավաքվել են մոտ քսան ակտիվիստներ, իսկ ոստիկանները պատ կազմած կանգնած են նրանց դիմաց, որպեսզի ակտիվիստները չկարողանան անցնել մայթը։
Հիշեցնենք, որ նախօրեին ակտիվիստները քանդել էին Աֆրիկյանների տան շինհրապարակի ցանկապատը, ինչի համար բերման էին ենթարկվել ոստիկանություն։
Աֆրիկյանների տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։











