Հայաստանում դատավորները անհատականություն չեն, Հայաստանում կա մի դատավոր՝ Սերժ Սարգսյանը, որն ուղղակի տարբեր երեսներով հանդես է գալիս տարբեր ատյաններում, այնպես որ միամտություն է Շանթ Հարությունյանի գործով արդարադատություն ակնկալելը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն Ազգային ժողովի նիստից դուրս էր եկել, որպեսզի մասնակցի Շանթ Հարությանյանի գործով դատական նիստին, սակայն չէր հասցրել ներկա լինել, քանի որ նիստը հետաձգվել էր ամբաստանյալների մի քանի պաշտպանների բացակայության պատճառով։
Մեր թղթակցի հարցին՝ արդարացված է համարում այն, որ աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել դատական նիստին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ թեև ինքը դատին ներկա չի եղել, սակայն տեղյակ է, որ չնայած դատարանի դահլիճում եղել են բավականին ազատ տեղեր, սակայն ամբաստանյալի հարազատներին թույլ չեն տվել մասնակցել նիստին իսկ դա ապօիրնություն է։
«Դա ի՞նչ է նշանակում։ Դռնբաց դատական նիստ է, եթե դատարանում ազատ տեղեր են եղել, նրանց պետք է թույլ տային մասնակցել։ Ի՞նչ ունեն թաքցնելու։ Չէ՞ որ ըստ օրենքի արդարություն և արդարադատություն պետք է կայացվի, չնայած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ ՀՀ-ում կարող է արդարադատություն իրականացվել։ Սեփական փորձով կարող եմ ասել, որ դատարանից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ պատգամավորի կարծիքով՝այս դատավարությունը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համար լավ հարթակ է, որպեսզի դիմեն հանրությանը, իրենց մտահոգությունները հայտնեն և ապացուցեն իրենց անմեղությունը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս և Մարտի 1-ի գործերի միջև նմանություն կա թեկուզ այն մասով, որ գործով նախագահող դատավորը նույնն է՝ «տխրահռչակ» Մնացական Մարտիրոսյանը։
«Մնացական Մարտիրոսյանն իր սերժսարգսյանական կարիերայի ընթացքում հասցրել է բավականին տխուր և խայտառակ հռչակ և իմիջ ձեռք բերել, այնպես որ սա նրա համար հերթական փայլուն հնարավորությունն է ևս մեկ քայլով ամրապնդելու խարանը իր և իր սերունդների վրա»,-ասաց պատգամավորը։
Դատական նիստից հետո Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների սատարելու եկած հարազատներն ու մտերիմները դատարանի առջեւ սպասեցին, մինչեւ ամբաստանյալներին մեքենաներով դուրս հանեն դատարանից եւ նրանց ճանապարհեցին «ազատություն, ազատություն» վանկարկումներով։











