Արարատի մարզի Խաչպար գյուղի բնակչուհի 70-ամյա Տամելա Պետրոսյանը բողոքում է, որ գյուղապետի պատճառով չի կարողանում ջուր անցկացնել իր հողամաս, ինչի հետևանքով այգում եղած ծառերը չորացել են: Նա այսօր՝ հունիսի 12-ին, ազնվամորու չորացած ճյուղը ձեռքին՝ եկել էր կառավարության շենքի մոտ՝ իր բողոքը ներկայացնելու ու բնապահպանության նախարարի հետ հանդիպելու համար:
«Գյուղապետս ջուր չի տալիս, որ ջրեմ, սաղ բախչես չորանում ա: Սովորացրել ա նրանց, ում բախչայով ջուրը գալիս ա, ու ջուրը կտրել են: Մի ամսում 35 անգամ գնացել եմ իր կաբինետ: Ես բողոք չեմ ներկայացրել, ես խնդրանք եմ ներկայացրել: Ասում ա՝ ուր ուզում ես, գնա, ոչ մի բան էլ ես չեմ անի: Ինձ տեսնում, ասում ա՝ ինչքա՞ն պիտի դուք ապրեք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տամելա Պետրոսյանը: Նա վստահեցրեց, որ հարևանները համաձայն են, որ նրանց այգու միջով ինքը ջրագիծ անցկացնի, սակայն գյուղապետը թույլ չի տալիս:
Խաչպարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը NEWS.am-ին ասաց, որ Տամելա Պետրոսյանը ոռոգման ջրի խնդիր չունի, նա պարզապես ցանկանում է երկրորդ ջրագիծ ունենալ: Նա վստահեցրեց, որ մի քանի անգամ ինքն է գնացել եւ հարևաններին խնդրել, որ թույլ տան ջրագիծն իրենց այգու միջով անցկացնել, սակայն Տամելայի խնդիրը հարևանների հետ է:
«Ինքը երկու- երեք հարևան ունի, բոլորի հետ վեճ ունի: Տաս անգամ էն մարդկանց դուռն եմ գնացել, որ իմ համայնքի հետ կապված բողոք չլինի:Ես չեմ կարող պարտադրել հարևաններին, որ թողնեն ջրագիծն անցկացնի: Եթե դուք տեսնեք՝ ինքը ինչ է անում հարևանների հետ: Առավոտ ասում ա՝ էն մի տղիդ թաղեմ, իրիկունն ասում է՝ էն մի տղիդ թաղեմ: Ինքը հարևանների հետ յոլա չի գնում: Իրենք ինձ ասում են՝ ինչ ուզում ես՝ ասա կամ արա, չենք թողնելու մեր հողամասով ջուր տանի»,-ասաց գյուղապետը:











