Երևանի Արգիշտիի հրապարակում հունիսի 12-ին կազմակերպվել էր «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոն, որի ընթացքում Երևանի սննդի ոլորտի բոլոր ուսումնական կենտրոնները ներկայացրել էին հայկական 13 տոներին սեղանին դրվող ավանդական ուտեստները։
«Անունն արդեն իր նպատակը հուշում է, այսինքն՝ մեր եկեղեցական և ժողովրդական տոները, որ գալիս են դարերի խորքից, ուզում ենք վերականգնել: Տոների հետ կապված սննդի համակարգը ուզում ենք վերականգնել, հասանելի դարձնել լայն շրջանակներին: Ներկայացված է 26 տաղավար և շատ ուրախալի է, որ այս անգամ մասնակցում են Երևանի բոլոր ուսումնական կենտրոնները, որտեղ սովորում են խոհարարի մասնագիտությունը: 13 տոներն են ներկայացնում՝ սկսած Ամանորից մինչև Սբխեչ, և այդ տոներին սեղանին դրվող ուտելիքները: Ուզում եմ, որ հանրությունը հասկանա, որ մեր ունեցած ավանդույթները հենց այնպես ուղղակի շռայլություն չեն, որ իրագործել են մեր նախնիները, այլ իմաստավորված է եղել: Եվ եթե հասարակության լայն շրջանակները ընկալեն, եթե նորից գնան դեպի մեր արմատները, ապա կարծում եմ՝ մենք մեր ազգի ինքնապահպանության, ինքնագիտակցության առումով մի քայլ արած կլինենք»,- NEWS.am-ին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնի մասնակիցներից Հռիփսիմե Հովհանիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ներկայացնել հինը, նորը և հնի հետ համադրված նորը:
«Մենք ներկայացնում են Խաչվերաց տոնը։ Տոնը աշնան բերքահավաքի տոնն է, որը մեր ժողովուրդը նշել է և պատրաստվել ձմեռնամուտին՝ իրենց ամբարած ամբողջ բերքից նաև բաժին հանելով իրենց անցավորներին և գերեզմանների վրա կազմակերպելով մեծ ուրախություններ, շնորհակալություն հայտնել Աստծուն, որ իրենց բերքն առատ է»,-ասաց «Կամուրջ» հանրային սննդի կենտրոնի ներկայացուցիչ Հռիփսիմե Հովհաննիսյանը։











