Ազատամարտիկները դիմելու են Արդարադատության խորհուրդ, որպեսզի պատասխանատվության ենթարկեն իրենց «կանանց փեշի տակ մտած» անվանած՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին:

«Մենք հայտարարություն ունենք. կամ ներողություն եք խնդրում ազատամարտիկներից, կամ մենք Արդարադատության խորհրդին դիմում ենք Ձեր ոչ վայել պահվածքի համար»,- այսօր` հունիսի 13-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստին՝ ընդմիջումից հետո, դատավորին դիմեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

«Ուր ուզում եք՝ դիմեք»,- պատասխանեց դատավորը։

Գագիկ Սարուխանյանը վրդովվեց դատավորի պատասխանից. «Դուք այդքան սանձարձակված եք, որ ասում եք՝ դիմեք, ում ցանկանո՞ւմ եք: Ներողություն խնդրեք  ազատամարտիկներից, մեզանից ոչ մեկ կանանց փեշի տակ մտած չի, դուք ներողություն խնդրելով՝ կմեծացնեք Ձեզ, ոչ թե Ձեր ասածը կպնդեք մինչեւ վերջ»:

Դատավորը փորձեց արդարանալ, որ իր ասածը ժողովրդական խոսք է, սակայն ազատամարտիկները չհանդարտվեցին, եւ դատավորը ստիպված հետաձգեց դատական նիստը:

Ազատամարտիկներն սկսեցին վանկարկել՝ «ներողություն»՝ պահանջելով, որ դատավորը ներողություն խնդրի, դատավորը հեռացավ նիստերի դահլիճից:

Ազատամարտիկները Վոլոդյա  Ավետիսյանին ճանապարհեցին «Ազատություն» վանկարկումներով, իսկ դատավորին՝ դժգոհության սուլոցներով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 23-ին:

Նշենք, որ դատավոր Լեւոն Ավետիսյանն այսօր «կանանց փեշի տակ մտած» անվանեց ազատամարտիկներին, երբ վերջինները քմծիծաղ տվեցին իր խոսքի վրա։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: