«Հարսնաքարի» գործով դատախազ Արմեն Մարուխյանը Վերաքննիչ քրեական դատարանում չի կարողացել հիմնավորել 6 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը, վկայակոչել է միայն մեկ տուժողի տված ցուցմունքները:
Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ին ասացին ամբաստանյալների ծնողները, որոնք մտավախություն ունեն, որ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ կթողի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով բոլոր վեց ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման:
Նշենք, որ «Հարսնաքարի» գործով վեց մեղադրյալների վերաքննիչ բողոքը դատարանն սկսել է քննել մայիսի 30-ին, վճիռը կհրապարակվի հունիսի 23-ին:
Մեղադրյալի հարազատները նախագահի նստավայր էին եկել՝ հավատով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է օգնել իրենց, եւ վերահսկել, որպեսզի Վերաքննիչ քրեական դատարանում կայացվի արդար վճիռ:
«Վերաքննիչում դատախազը առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը համարեց արդարացի, պահանջեց դա անփոփոխ թողնել, դրա համար մեր մեջ մտավախություն կա: Դատավորը դատախազին ասում է Արման Բաղդասարյանի մասով՝ գործի նյութերում կա՞ հիմնավորված փաստ, որ ինքը ինչ-որ մեկին վնաս է պատճառել, ինքը չգիտեր՝ ինչ պատասխաներ, ասում ա՝ դե..., ընդհանուր միասնականություն, դե ավտոկայանատեղիում մութ ա եղել, չենք կարողանում ասել՝ ով ինչ գործողություն է կատարել, չգիտեր ինչ ասել»,- պատմեց Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկ Մանուկյանը:
Ամբաստանյալների խոսքով, մեղադրողն իր ճառում ներառել է միայն տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքը, որպեսզի տուժողների տված ցուցմունքների միջեւ եղած հակասությունները դատարանը չնկատի:
«Տուժող Գարիկ Սողոմոնյանը հարցաքննության ժամանակ ասում է՝ Արման Բաղդասարյանին չեմ տեսել ավտոկայանատեղիում, ինչի՞ չեն հաշվի առնում դա, ձեռ չի տալի՞ս»,- ասաց Աստղիկ Մանուկյանը:
Դատապարտյալ Արման Խաչատրյանի կինը՝ Հասմիկ Վարդանյանն էլ վստահ է, որ դատախազը ուզում է «փակել դատարանի աչքերը»:
«Եթե ներառեր նրանց բոլոր ցումուքները, համադրությունից կերեւար, որ կան մարդիկ, որ ոչինչ չեն արել: Կոնկրետ Էդգար Նիկոյանը ճանաչման ժամանակ հայտնում է՝ տեսել եմ Արման Խաչատրյանին վեճի ժամանակ հանգիստ կանգնած: Դատարանում արդեն հայտնում է՝ վեճի ժամանակ ես խոսում էի մի միջահասակ, նիհար տղայի հետ, ու տեսա՝ այնտեղ իրար հարվածում են: Իմ ամուսինը էլ ասում է՝ դա ես եմ եղել, ասում է՝ ես չեմ կարող հիշել՝ ով էր»,-ասաց դատապարտյալԱրման Խաչատրյանի կինը՝ Հասմիկ Վարդանյանը:
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի խոսքով էլ, դատախազ Արմեն Մարուխյանը «թքած ունի տղաների կյանքի վրա».
«Տեսե՞լ եք՝ դատերին Մարուխյանը ոնց ա նստում. կամ բջջայինով ա խաղ խաղում կամ քնում ա՝ դանթում ա, որովհետեւ ինքը թքած ունի այս տղաների վրա: Երեւի էս տղաները թուրք են, հայրենիքի դավաճան են, ես չգիտեմ՝ ինչ են, որ էդ ձեւի են վերաբերվում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում են բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում։











