Երեւանի Աբովյան 29 հասցեի բնակիչներն այսօր՝ հունիսի 17-ին, առավոտյան արթնացել են նավթի հոտից ու պարզել, որ բակում գտնվող երեք ծառերի արմատներին նավթ է լցված:
«Առավոտյան արթնացանք, հոտ առանք: Մոտեցանք, զգացինք՝ արմատներին նավթ են լցրել՝ հատուկ չորացնելու համար: Խուլիգանություն ա, գենոցիդ ծառերի հանդեպ: Ոնց որ մարդուն սպանես: Ծառն էլ նույն ձևի, կենդանի օրգանիզմ ա: Ոնց որ մենք, տենց էլ ծառը. դեռ ընդհակառակը՝ ծառը օգուտ ա տալիս, մարդը վնասից բացի ոչ մի բան չի տալիս»,-NEWS.am-ին ասաց բնակչուհիներից Անահիտ Սարգսյանը:
Անահիտ Սարգսյանը պատմեց, որ 10 օր առաջ քաղաքապետարանի կանաչապատման բաժնից եկել են, ասել են՝ աղբն են հավաքում, փոխարենը կանաչ ճյուղերն են կտրել: Բնակչուհին պատմեց, որ խոստացել են, որ հող կբերեն, կլցնեն տարածքում ու բույսեչ կտնկեն, բայց չեն արել: Նրա խոսքով՝ նախկինում նույնպես ծառաէտումների անվան տակ կանաչապատման բաժնի աշխատակիցներն այդ տարածքում վերացրել են շլորի, յասամանի ծառեր:
Բնակիչները բողոքում են, որ բակի ծառերը կտրում են այն դեպքում, երբ իրենց բակում ոչ մի խաղահրապարակ չկա երեխաների համար: Բնակիչների տեղեկություններով՝ ծառերը կտրում են, որ տեղում ավտոտնակ կառուցեն։
«Ես էստեղ եմ մեծացել, էստեղ կանաչ տարածք ա եղել: Շատ կուզեինք, որ հիմա էստեղ երեխաների համար խաղալու տեղ լիներ, թե չէ ամբողջը գարաժ ա: Սենց գարաժները լցնելով թթվածին չեն թողնում շնչենք: Մեքենաները կանգնած են ասֆալտի վրա, տեղ չկա, որ երեխեքը խաղան»,-ասաց տիկին Անահիտը:











