Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ հավաքված «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներն այսօր՝ հունիսի 18-ին, «Ամոթ» վանկարկումներով ուղեկցեցին նախագահ Սերժ Սարգսյանի շարասյունը։ Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» թիմի անդամներ հավաքվել են՝ իրենց բողոքն արտահայտելու ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակի մասին Կառավարության ներկայացրած նոր նախագծի դեմ։
«Կառավարությունը երեկ ընդունեց որոշում, որով այսօր օրինագիծ է ներկայացվում կուտակային կենսաթոշակների հետ կապված, տրված էր ժամանակ, որպեսզի կառավարությունը շտկեր հակասահմանադրական դրույթները, եւ առանց շտկումների կառավարությունն այսօր փորձում է անցկացնել այդ նախագիծը, ընդ որում, շուտափույթ, որովհետեւ տեղի չեն ունեցել հանրային քննարկումներ, նախագիծը չի ներկայացվել քառյակին, այլ միանգամից կառավարությունը որոշել է եւ այն դրել է քննարկման ԱԺ-ում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ իրենք դեմ են նման մոտեցմանը եւ շարունակելու են այնքան բողոքել, մինչեւ Կառավարությունը փոխի իր գործելաոճը։
Նշենք, որ հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառ, որի վրա գրված է Սահմանադրության 14.1 հոդվածը, որը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ։
Քիչ առաջ ԱԺ շենքից դուրս եկած պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին եւ Առաքել Մովսիսյանին ակտիվիստները ճանապարհեցին «ամոթ, լկտի, Լֆիկի անունով դասարան, ամոթ, ամոթ» վանկարկումներով, սուլոցներով, բութ մատը ներքեւ պարզած։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ-ի առջեւ մեծ թվով ոտիկաններ կան։
Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ այսօր ժամը 12:00-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստին քննարկվելու են մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն։ Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ երեք տարի ժամկետում ներդնել կամավոր համակարգ՝ փուլային եղանակով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











