Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ փորձում են «Բանդայի գործը» բարդել գործով ամբաստանյալ, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի վրա։ Այս մասին Արտուշ Հակոբյանը հայտարարեց այսօր՝ հունիսի 18-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայքնների ընդհանուր իրավասության դատարանում։
«Ատրճանակի վրա հայտնաբերված մատնահետքերը, մեքենայում հայտնաբերված դեղահաբը, մեր ամառանոցային տնից հայտնաբերված զենքերը, այդ ամենը շինծու են։ Սեպտեմբերի 24-ին, երբ ես ծանոթներիս հետ ռեստորանում նշում էի մեր նոր գործի սկիզբը, մեր վրա հարձակվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ, ինձ քարշ տվեցին, ձեռքերս ոլորեցին, ձեռնաշղթաներ հագցրին, այդ րոպեին տեսա, որ իմ ձեռքին մի բան կպավ, ձեռքերս փորձեցի բռունցք անել, տեսա ոստիկանի ձեռքին Մակարով տեսակի ատրճանակը, որքան հիշում եմ՝ ատրճանակը կպցրեց բութ մատիս։ Հետո խփեցին գլխիս, աչքերիս դիմաց սեւացավ ու հայտնվեցի ոստիկանության «Գազելի» մեջ։ Երբ ուշքի եկա, զգացի, որ գոտկատեղիս բան կա դրած։ Իսկ հենց հասանք ոստիկանություն, վրայիցս հանեցին հենց այդ ատրճանակը»,- դատարանում հայտարարեց Արտուշ Հակոբյանը։
Ըստ ամբաստանյալի՝ գործում իր դեմ ապացույցները բոլորը կեղծ են եւ ձեռք են բերվել օրենքի խախտումով։
«Ինձ քննչական փորձարարության տանելիս ամեն անգամ դիմակ են հագցրել։ Հենց այդ դիմակն էլ հիմա իմ դեմ օգտագործում են որպես ապացույց. դիմակի գենետիկ անալիզի արդյունքում պարզվել է, որ ես այն կրել եմ։ Ամառանոցային տանը, որտեղ հայտնաբերվել են զենքերը ու դիմակները, մինչեւ դատարանի կողմից հետախուզության թույլտվությունը մոտ երեք ժամ առաջ իրենք արդեն մեր տանն էին, ու ինչ ուզել, բերել-տարել են»,- հայտարարեց ամբաստանյալը։
Ամբաստանյալի խոսքով՝ գործով մեղադրյալ, կալանավայրում մահացած Արման Դալլաքյանի տված ցուցմունքները անթույլատրելի են, քանի որ դրանք ձեռք են բերվել ֆիզիկական տանջանքների եւ հոգեկան ճնշումների միջոցով։
«Արման Դալլաքյանին ձեռնաշղթաները հագցրած շալվարն իջեցրել են, ասել են՝ այս ռետինե մահակը հետեւդ կմտցնենք, հետո կնկարենք, կտարածենք ինտերնետում, բանտում, եւ այդպես նրան ստիպել են ցուցմունք տալ, որ ինքը «Բանդայի» կազմում մասնակցել է պաշտոնյաների տների կողոպուտին։
Արտուշ Հակոբյանի խոսքով՝ Արման Դալլաքյանին մահակով այնքան են ծեծել, որ հարվածից նրա մոտ ուռուցք է առաջացել, եւ հենց այդ ուռուցքից էլ նա մահացել է։ Ըստ նրա՝ Արման Դալլաքյանին սպառնացել են նաեւ հիվանդանոցում՝ ասելով, որ կաթիլայինը կանջատեն, կմահանա, կամ կնոջ պայուսակի մեջ թմրանյութ կգցեն ու նրան էլ կդատեն։
Արտուշ Հակոբյանն իր հայտարարության վերջում դատարանին ներկայացրեց սկավառակ, որն, ըստ նրա, իր խոսքերի ապացույցն է եւ խնդրեց կցել դատական գործին։ Մեղադրողն առարկեց, սակայն դատավորը կցեց այն դատական գործին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։











