ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի համար ծիծաղելի եւ անկիրառելի է  Գյուղնախարարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ կատարել։ Այսօր հունիսի 18-ին, ԱԺ պատգամավորը իր ելույթը սկսեց առաջարկվող օրինագծից մեջբերումներով։

«Այս նոր օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել կամ եղունգները հեռացնել, կենդանիների մարմինների դյուրազգաց մարմինները սեղմելը, պոչերը ճզմելը, ոլորելը, կենդանիների գլուխներից,  եղջյուրներից, ականջներից, ոտքերից, մորթուց, մորուքից բռնած քաշ տալը։ Երբ կենդանուն տեղափոխում ես, ուղեկցող մարդիկ  պետք է հաշվառվեն լիազորված մարմնում: Սա օրենք է Արմքոմեդի հաղորդաշարից չէ»,- կարդաց Արամ Մանուկյանը, ապա գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարցրեց. «Դուք չե՞ք նայել՝ այստեղ ինչ է գրված, եւ քննարկե՞լ եք այս կետերի կատարողականը, եւ դրանք չկատարելու դեպքում պատիժները ինչպե՞ս են կիրառվելու»։

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը նկատեց, որ այդ կետերի մեջ «զարամանալի բան չկա». անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը՝ պետք է մեր օրենսդրական դաշտը համապատասխանեցնել նրանց օրենքների հետ:

«Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա պարոն Մանուկյան, կենդանիներ են, նրանց նկատմամբ, մարդասիրական վերաբերմունք պետք է ցույց տանք, դա Եվրամիություն եւ համաշխարհային միջազգային կազմակերպությունների պահանջներն են: Այնպես որ նորմալ է գրված, եւ ես գտնում եմ, որ դրանք անպայման պետք է ներառվեն օրենքի մեջ»,- ասաց գյուղնախարարը:

Արամ Մանուկյանի համար, միեւնույն է, անահասկանալի էր, թե ինչպես պետք է վերահսկեն, որպեսզի մարդիկ օրենքի այդ կետերը չխախտեն. «Ինչպես եք վերահսկելու Եղեգնուտ գյուղի Պողոսը իրա խոզերի կռտում ա՞, ամորձատում ա՞ առանց ցավազրկման, ցանկացած մարդ իրա տանը պահող կատվի կամ թութակի կամ շան եղունգները կտրում ա առանց ցավազրկման: Օրինակ, ես քաշում եմ իմ նապաստակի ականջները, մյուսն էլ իր շան կամ կատվի պոչից. դուք ինչպե՞ս եք վերահսկելու այս կետերի իրականացումը եւ դրա նկատմամբ տույժ եւ տուգանքը»:

Գյուղնախարարը այս անգամ համաձայնեց, որ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք պահանջող օրենքի կիրառումը հեշտ չի լինելու:

«Ճիշտ եք ասում, դրույթներ կան, որ մեր կենցաղում դժվարությամբ կներդրվեն եւ դժվարությամբ կիրականացվեն, բայց դա չի նշանակում, որ էս օրվանից մենք չպետք է մտածենք այդ մասին: Այո, խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորենք, օրենքը ընդունելուց հետո պետք է մտածենք նաեւ դրա մասին:Մենք ունենք անասնաբույժեր, համապատասխան ծառայություններ,որոնք մարզերում, համայնքներում պետք է համապատասխան աշխատանք տանենք, որ մեր կենցաղի մեջ ընդունվի»,- հայտարարեց Սերգո Կարապետյանը: