Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը մեկ ամիս շարունակ ծանրութեթեւ անելուց հետո ի վերջո որոշեց թողնել փոխքաղաքապետի աթոռն ու ամսական 250.000 հազար դրամ աշխատավարձը: Դեռեւս մայիս ամսից խոսվում էր այն մասին, որ արդեն նախկին փոխքաղաքապետը վիճել է Սամվել Բալասանյանի հետ ու աշխատանքից ազատման դիմում գրել։ Մեկ ամսից ավելի գտնվելով արձակուրդում՝ Գուրգեն Մալխասյանը, սակայն,  հերքում էր իր աշխատանքից ազատվելու լուրը:

Այսօր՝ հունիս 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը Գուրգեն Մալխասյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատվել է իր ցանկությամբ, ազատման դիմումն էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն մակագրել է: Գուրգեն Մալխասյանը վստահեցրեց, որ պաշտոնից հրաժարվելու պատճառը պայմանավորված է նոր  աշխատանքով։

«Երեւանում բացել ենք Մալխասյանց անվամբ  «Փաստաբանական կենտրոն», դրա համար շատ երկար մտածեցի թողնել փոխքաղաքապետի պաշտոնը, քանի որ չեմ հասցնում գործերը, իսկ մնացած խոսակցությունները իմ աշխատանքից ազատման մասին, թե վիճել են ենք քաղաքապետի հետ, ընդամենը հերյուրանքներ են, իրականությունից դուրս»,- ասաց նա։

NEWS.am-ի հարցին թե ինչու մեկ ամիս անց է բարձրաձայում այս մասին, քանի որ «Փաստաբանական կենտրոնը» մեկ օրում չեն հիմնում, Գուրգեն Մալխասյանը պատասխանեց, որ կենտրոնը մեկ օր առաջ է բացվել, սակայն աշխատանքից դուրս գալու մասին որոշումը նոր չի կայացրել, պարզապես այդ մասին ժամանակից շուտ չի ցանկացել հայտնել:

Մասնագիտությամբ իրավաբան փոխքաղաքապետն ասաց, որ   փաստաբանի աշխատանքն ավելի եկամտաբեր է, քան փոխքաղաքապետին։ Նա նաեւ նշեց, որ պաշտոնից հեռանալով՝ չի հեռանում թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից. կհամատեղի փաստաբանական կենտրոնի աշխատանքի հետ, ինչը չէր կարող անել փոխքաղաքապետ լինելու դեպքում:

«Փաստաբանի աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է, քան փոխքաղաքապետինը: Բոլորին էլ պարզ է, ու բոլորն էլ հիմա ուզում են բարձր վարձատրվող աշխատանք մեր երկրում»,- ասաց Գուրգեն Մալխասյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի պաշտոնն ստանձնելու է Շիրակի մարզի նախկին դատախազ Վաղարշակ Մխիթարյանը, որը թոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվեց նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանի նշանակման հենց հաջորդ օրը: