1992թ. Արցախում մարտական գործողությունների ժամանակ որպես բուժքույր աշխատած, զինադադարից հետո զինվորական ծառայությունը շարունակած և 2007թ. թոշակի անցած Հեղինե Հակոբյանը երկու տարի է՝ հեպատիտ C հիվանդությամբ է տառապում, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողանում բուժում ստանալ։ Հեղինե Հակոբյանն այսօր՝ հունիսի 19-ին, կառավարության մոտ էր եկել՝ նախարարներից որևէ մեկին կամ վարչապետին տեսնելու եւ օգնություն խնդրելու ակնալիքով:
«1992թ. Լաչինի շրջանում աշխատել եմ որպես բուժքույր, այնուհետև Գորիսի բրիգադում եմ եղել 1993-ից մինչև 1997թ.: Երկու վիրահատություն եմ տարել, երկրորդի ժամանակ՝ 2012-ին, ինձ մոտ հայտնաբերեցին հեպատիտ C: Դիմել եմ վարչապետին, առողջապահության նախարարին, պաշտպանության նախարարությանը, սակայն ոչ ոք ինձ դրական պատասխան չի տվել: Միայն անցած տարի պաշտպանության նախարարությունը 12 հատ դեղ է տրամադրել, սակայն քանի որ բուժումը 24 հատից է, բուժումը կիսատ մնաց», - NEWS.am-ին պատմեց Հեղինե Հակոբյանը:
Տիկին Հեղինեի խոսքով՝ երբ պարզել է, որ ստացած բուժումն իրեն չի օգնել, կրկին դիմել է առողջապահության նախարարություն, վարչապետին: Վարչապետին ուղղված նամակին ի պատասխան՝ նրան տեղեկացրել են, որ նման հարցերով առողջապահության նախարարությունն է զբաղվում։ Առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ այդ դեղորայքը պետպատվերով չունեն եւ չեն կարող օգնել:
Տիկին Հեղինեն նշում է, որ մեկ ներարկումն արժե 143 հազար դրամ, իսկ ինքը թոշակառու է, ապրում է եղբոր հետ: Կյանքի 15 տարիները ծառայությանը նվիրած կինը հուսահատ է և իր խոսքով՝«կանգնել է դատարկության առաջ»:
Նշենք, որ հեպատիտ C-ն վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի երկարատեւ ախտահարմամբ, դրա ֆունկցիայի խանգարմամբ` հանգեցնելով լյարդի ցեռոզի եւ լյարդի քաղցկեղի: Ամբողջ աշխարհում այս վիրուսով վարակված է շուրջ 180 միլիոն մարդ: Հեպատիտ C-ն հայտնի է նաեւ «քնքուշ մարդասպան» անվամբ, քանզի այն երկար տարիներ ընթանում է առանց որեւէ ախտանիշների կամ տարբեր հիվանդությունների «դիմակի» տակ եւ հաճախ մնում է չախտորոշված (70% դեպքերում):











