Երևանի թիվ 177 հիմնական դրպոցում «Հայոց պատմություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին այսօր՝ հունիսի 20-ին, այցելեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը հաջողություն մաղթեց դիմորդներին, հետաքրքվեց, թե նախորդ քննություններից ինչ միավորներ են հավաքել եւ ուր են ուզում ընդունվել:
Արմեն Աշոտյանը հարցրեց դիմորդներին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իրենց խանգարել է քննություններին պատրաստվել, թե ոչ:
«Ֆուտբոլ նայե՞լ ես: Պապան նայո՞ւմ է: Խանգարո՞ւմ է, թե՞ ականջակալներով է նայում»,-դիմորդներից մեկին հարցրեց նախարարը:
Քննություն հանձնող տղաներից մեկն էլ հետաքրքրվեց նախարարից՝ ինչպես անի, որ ինքն էլ դառնա կրթության եւ գիտության նախարար:
«Ես ընդունվել եմ բժշկական, 11 տարի սովորել եմ, բժիշկ չեմ դառել: Եթե այդ ճանապարհը քեզ գրավում է… Հանրապետական պիտի լինես, բայց դեռ այս պահին դու դրա մասին մի մտածի, դու ուրիշ խնդիրներ ու հոգսեր ունես»,-պատասխանեց նախարարը:
Արմեն Աշոտյանը դիմորդներից մեկին հարցրեց՝ ով է նրա ամենասիրած կերպարը պատմության մեջ: Դիմորդն առանց երկմտելու պատասխանեց՝ Տիգրան Մեծը, ինչից հետո նախարարը հետաքրքրվեց՝ ում է ամենից շատ սիրում այսօրվա գործիչներից:
«Դժվար հարց է»,-պատասխանեց դիմորդը:
Նշենք, որ այսօր դիմորդները միասնական ընդունելության քննություն են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առականերից: Մինչեւ այս դիմորդները քննություն էին հանձնել նաև «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից:











