Կենսաթոշակների մասին նոր օրենքը մինչեւ հուլիսի 1-ն ընդունելը Սերժ Սարգսյանի հրամանն է: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, ԱԺ-ում կուտակային կենսաթոշակների մասին կառավարության առաջարկած օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ես բողոքում եմ, ասում եմ, որ այս օրենքները պիտի դնել, լուրջ իրավաբանական վերլուծության ենթարկել, տեսքի բերել, նոր ներկայացնել պառլամենտ: Եթե ոչ, ֆիզիկապես չենք հասցնի, եթե սա քվեարկում ենք, կստացվի անհեթեթություն, եւ կստացվի որ այս պարտադրված ախմախությունը ստիպված ենք լինելու գլուխներս կախ քվեարկե՞նք, ինչու է հուլիսի 1-ը դրվել հրատապ, պարզ չէ՞, որ խնդիրը հրատապության մեջ է, Սերժ  Սարգսյանի հրամանն է, որ պարտադիրը պետք է մնա, ինչ լուծում ուզում եք, գտեք, լղոզեք, չի լինի այսպես։ Ի՞նչ անուն ուզում եք, դրեք՝ նպատակային, պարտադիր պարոնայք դեպուտատներ, կամ կամավոր հրաժարվում ենք նման քվեարկությունից, կամ ասելու ենք` վեր կաց, թուղթդ վերցրու, գնա նորմալ մշակի, կամ մեզ են խեղճացնելու, մեզ են նվաստացնելու, խնդալու են մեզ վրա: Չի կարելի այսքան կառչած մնալ եւ հրահանգներին, եւ իշխանությանը: Իշխանությունից կառչվածությունը  վտանգ է հետո էլ իշխանությունից հրաժարվելու համար, մի քիչ ազատ եղեք, կամային հատկություններ ցուցաբերեք»,-ասաց Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու համար խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչած քննադատություններին՝ Արամ Մանուկյանն ասաց. «Եթե առանց ցավազրկման կատվի եղունգների կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի կամ չի կիրառվի, այսինքն էնտեղի գրած ախմախություններից շատերը չեն տուժի, էստեղի գրած անհեթեթություններից ուղղակի կտուժեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ:  Մեր բոյկոտը շատ ճիշտ քաղաքական դրսեւորում է, որի բացատրությունը պարզ է. մի բերեք անհեթեթ օրենքներ եւ մի պարտադրեք ձեր հեզ խմբակցությանը քվեարկել,  տասնյակ հազարավոր մարդիկ են տուժելու, այսօր խորհրդարանում կա 53 պատգամավոր, որոնք համագործակցում են, եւ արդյունքներ են տալիս, իսկ դուք ասում եք՝ ՀՀԿ-ն կուռ միասնականություն է,  այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ ԲՀԿ-ն ձեր հետ չի, ՀՅԴ-ն ձեր հետ չի, անգամ Օրինացը ձեր հետ չի, ձեր վիճակը վիճակ չէ, եթե վիճակ լիներ, կեղծիքներով օրենք չէիք անցկացնի, խորհրդարանում դուք կեղծիքով օրենք եք անցկացնում, ոմանց համար փողը աստված է, կեղծ քվեարկելը՝ հպարտություն, կեղծելը՝ կենսակերպ»:

Անդրադարռանլով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ Արամ Մանուկյանն ասաց. «Աստանայից Բրյուսել խայտառակություն է»:

Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստին քննարկվելու են մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն։ Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ երեք տարի ժամկետում ներդնել կամավոր համակարգ՝ փուլային եղանակով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից: