Քառյակի ներկայացրած 12 կետերը իրականացնելը վտանգ է իշխանություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Քառյակի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ իշխանությունների արձագանքին:
«Բայց նրանք, ովքեր պետք է իրականացնեին 12 կետերը, եւ՛ Դավիթ Հարությունյանը, եւ՛ պարոն Սերժ Սարգսյանը, կարդացին եւ միանգամից ասացին՝ չէ, ի՞նչ եք ասում, դրանք շատ վատ կետեր են, իսկ եթե իրականացվեն, կնշանակի՝ իշխանությանը կարող է վտանգ սպառնալ: Եվ ի պատիվ իրենց հայտարարեցին՝ էդ լոլոները, որ դուք կառուցողական եք համարում, մի հավատացեք, սրանք վտանգավոր կետեր են: Ի՞նչ է նշանակում՝ կուտակայինից պարտադիրը հանել, ի՞նչ է նշանակում 41 մեծամասնականից հրաժարվել: Եվ լավ արեցիք, որ շուտ հայտարարեցիք, որովհետեւ գոնե նրանք, ովքեր հավատում էին, որ իշխանությունը կիրականացնի սա, նրանք նույնպես տեսան, որ դուք պատրաստ չեք համագործակցության»,-հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Նրրա խոսքով՝ այն հակաքաղաքագիտական ձեւակերպումը, որ եթե ուզում եք համագործակցել, մտեք կոալիցիա աշխատենք, քաղաքագիտության հետ որեւէ աղերս չունի, որովհետեւ եթե ընդդիմությանը լռեցնելու համար նրան դաշտ բացեն, որ գա մտնի կառավարություն, իշխանության մեջ իրականացնի, նշանակում է՝ մենք բանան պետություն ենք, որը կոշտ ավտորիտարիզմով է ղեկավարվում: «Դրա համար էլ ինչ պառլամենտ, էլ ինչ դատական իշխանություն, մի 4-5 հոգի նստում են, իրենց ճաշակով ու դաստիարակությամբ ղեկավարում են պետությունը, հանեք ձեր բառապաշարից այն ձեւակերպումը, որ եթե ուզում եք պետություն ղեկավարեք, եկեք մտեք կոալիցիա, ձեզ մի քանի հատ պաշտոն կտանք, միասին կղեկավարենք»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ 12 կետերը, որ Քառյակը ներկայացրել էր Կառավարությանը, սկզբից ջերմությամբ ընդունվեց Կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից:
«Ասեցին՝ինչ հրաշալի, աստվածատուր ընդդիմություն ունենք, տեսեք ինչպիսի կետեր են բերել, անմիջապես հաջորդեց այս նախագծի մուտքը խորհրդարան, որով մեկ տողով ասվում էր՝ հանկարծ չմտածեք, որ ձեր կետերից որեւէ մեկը կիրականացնենք: Գուցե PR քայլ էր, նրանք, ովքեր գովաբանում էին, կամ չէին կարդացել մեր հայտարարությունը, կամ կարդացել, չէին հասկացել ՝ ինչ է գրված»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով կենսաթոշակային օրենքի նոր նախագծին պատգամավորն ասաց. «Այս լարված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում ,այս բարոյահոգեբանական մթնոլորտում ինչո՞ւ եք այս նախագիծը բերել, ինչո՞ւ եք ասում՝ ոչինչ, դուք հիմա վատ ապրեք, մի 40 տարի հետո լավ կապրեք: Դուք ձեր դեմ եք տրամադրում այն երիտասարդությանը, որն ուզում է ձեզ հավատալ: Եվ ճիշտ է անում, որովհետեւ որպեսզի քեզ ամրապնդես այս հողի վրա, դու պետք է հասկանաս այդ օրվա իշխանությանը: Եվ եթե դուք ասում եք, որ կառավարությունը բազմաթիվ քննարկումներ է ունեցել ընդդիմության հետ, եղբայր, դուք արդեն այնպես եք անում, որ ոչ մի առաջարկությանը չընդառաջել ու չհանդիպել ձեզ հետ: Որովհետեւ եթե այդ հանդիպումներն ընդամենը PR ակցիա են, որ դուք իբր քննարկում եք քաղաքական ընդդիմության հետ, բայց արդյունքում նույնիսկ խստացնում եք, ոչինչ չեք փոխում, պարզվում է շատ էժան բան է դա, էժան ճարպկություն: Եկեք նստեք ընդդիմություն, մի քանի հատ կադրեր կտանք, մի քանի հատ կադրեր կտանք, ռեպորտաժ կտանք ընդարձակ, որ տեսեք, կառավարությունը հրավիրել է ընդդիմությանը, իրար հետ քննարկում են»:
Հակոբյանը որպես կառուցողական ընդդիմության ներկայացուցիչ մի քանի խորհուրդ տվեց իշխանություններին:
«Բարձրագույն քաղաքական ղեկավարություն, վերջ տվեք ղեկավարել համակարգային կոռուպցիան, որը ուղղակի խփում է պետության ողնաշարին:
Վերջ տվեք պահել ստվերային տնտեսություը, որը մեկուկես, երկու միլիարդ դոլար է: Տվեք, թող գա հարկային դաշտ, դա սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց կօգնի, թոշակառուներին, ուսուցիչներին կօգնի, բարոյահոգեբանական մթնոորտը կառողջացնի: Վերջ տվեք մենաշնորհին, որը դուք եք ղեկավարում, որն ամբողջությամբ խժռել է մանր ու միջի բիզնեսը: Այս վերջին 5-6 ամիսների ընթացքում արդեն 1500 մանր ու միջին ձեռնարկություններ են փակվել ու արտագաղթել են Հայաստանից: Վերջ տվեք տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման համակարգը ձեր ազգ ու բարեկամներով խցկելուն, մի հատ մոնիթորինգ արեք, թափ տվեք այդ համակարգը: Լավագույն կադրերը Persona non grata են հայտարարված եւ լքում են Հայաստանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ եթե իշխանություններն ընդունեն այս առաջարկը՝ Հայաստանը կքայլի:
Ռուբեն Հակոբյանը դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին ասելով. «Հարգելի մեծամասնություն, դուք իսկապես չեք գիտակցում, որ դուք քաղաքական ակապելլա եք դարձել, եւ առանձին կեղծ նոտաներ, որ բերում այդ երաժշտության մեջ եք մտցնում, առանձին մարդկանց բերելով, մտցնելով, որպեսզի քվորում ապահովեն, դա ապագա չի, դա մեղք վիճակից է դա, դուք մտածեք՝ ոնց անեք, որ այս վիճակից դուրս գաք: Մի եկեք դասեր տվեք էստեղ, մենք դրա կարիքը չունենք»:
Ռուբեն Հակոբյանը իր ելույթի վերջում խորհուրդ տվեց քաղաքական մեծամասնությանը փոխել աշխատաոճը եւ «ինքանասիրահարվածության վիճակից դուրս գալ», եւ վստահություն հայտնեց, որ այդ դեպքում Հայաստանը ստեղծված վիճակից դուրս կգա:











