Ոստիկանության զորքերի աշխատանքը գնահատում եմ բավարար: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ բավականին երկար մտածելով, թե ինչպես գնահատի ոստիկանության զորքերի աշխատանքը (ֆոտոռեպորտաժ):
«Ոստիկանության աշխատանքը գնահատում եմ բավարար: Օ, Աստված իմ, այնքան դժգոհելու բան կա նրանց աշխատանքից: Առանց դժգոհության չի կարող լինել, սակայն ամեն ինչ անելու ենք, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրանա: Գնահատում ենք լավը եւ փորձում ենք առաջ գնալ»,-ասաց նա:
Դավիթաշեն վարչական շրջանում ոստիկանության զորքերի նոր վերանորոգված շենքն, ըստ ոստիկանապետի, կմեծացնի ոստիկանների մասնագիտական գիտելիքները: Թե ինչ տեխնիկական առավելություններ ունի շենքը, Գասպարյանը հորդորեց սպասել եւ արդյունքները տեսնել միասին:
«Նորմալ աշխատանքային պայմաններ կստեղծվեն: Պետք է այդ պայմանները լինեն, որպեսզի հետո պահանջենք ավելին: Իսկ նախկին շենքը փնթի էր, քանդված, եւ ինչ պետք է սպասել փնթի ոստիկանից»,-ընդգծեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











