Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հույս ունի, որ ոստիկանության ջրցան մեքենաները եւ ցույցերը ցրելու համար նախատեսված այլ տեխնիկան չի օգտագործվի: Այս մասին նա նշել է, այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ցույցերի ժամանակ ոստիկանության զորքերի աշխատանքին:

«Ես դա չեմ ցանկանում, պետք է խաղաղություն լինի: Ոչ մի ոստիկան չի ցանկանում, որ ներքին խժդժություններ լինեն, իսկ դրանց մասնակիցները ամեն բան պետք է անեն, որպեսզի խնդիրներ չառաջացնեն եւ խաղաղ ապրենք»,-ընդգծել է Գասպարյանն ու հավելել. «Մենք չենք ուզում ցույցեր, չենք ուզում փողոց դուրս գալ, ինչպես զինվորականը պատերազմ չի ուզում, այնպես էլ ոստիկանը՝ ներքին խժդժություններ: Այնպես որ դուք չուզողներին ասեք, թող խաղաղվեն, խաղաղվեն: Մենք խաղաղություն ենք ուզում»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am