Հայաստանի Ազգային ժողովի շենքի Դեմիրճյանի փողոցի մուտքի մոտ այս պահին հավաքվել են «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, որոնք բողոքում են ԱԺ-ում Կուտակային կենսաթոաշկների մասին նորացված օրինագծի ընդունման դեմ:
Նրանք «ամոթ», «թալանչի», «Թալեաթ» վանկարկումներով դիմավորեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը խորհրդարանում ներկայացրել է այդ օրինագիծը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ակտիվիստները 10 եւ 20 դրամանոց մետաղադրամներ նետեցին նախարարի հետեւից:
«Դեմ եմ»-ի անդամները նույն վարկարկումներով դիմավորեցին նաեւ մյուս հանրապետական պատգամավորներին, որոնք չցանկացան խոսել: Միայն ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ի պատասխան այդ վանկարկումների, արձագանքեց. «Ձեզ ո՞վ է այդքան վատ բան սովորեցրել»:
ԱԺ մուտքից դուրս եկող պատգամավորներից մեկին էլ հարցրեցին, թե ՀՀԿ-ակա՞ն եք, թե ոչ, ինչին նա արձագանքեց. «Դա ինչ կարեւոր է»:
Ակտիվիստներից մեկն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Մեր վերջին գրոշները նետում ենք իրենց երեսին, կամավորը սա է, որ շպրտում ենք, ուրիշ կամավոր չկա»:
Հատկանշական է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չպատասխանեց լրագրողների հարցին, թե քանի կողմ ձայներով է ընդունվել հիշյալ օրինագիծը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺն այսօր 67 կողմ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունել է կուտակային կենսաթոշակների օրենքի մասին փոփոխությունները: ՀՅԴ եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները երկու անգամ պահանջել են ձայների վերահաշվարկ, սակայն նրանց խնդրանքը չի բավարարվել:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ուժերը («Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ) մի քանի անգամ նոր օրինագծի դեմ են հանդես եկել՝ պատճառաբանելով, որ այդ փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում: Մասնավորապես, քառյակի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային վճարումները օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է միայն ձեւակերպումը. դրանք վերափոխվել են պետական ծառայողների համար պարտադիր սոցիալական վճարումների: Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից:











