Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված 20-ամյա Դավիթ Խաչատրյանի մայրը՝ Լիդա Ժամհարյանը, իր որդուն մարդասպան չի համարում եւ վստահ է, որ դա վաղ թե ուշ կապացուցվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիդա Ժամհարյանը։
«Ես այնքան բարձր արժանիքներ եմ տվել նրան, բոլոր մեզ ճանաչողները կարող են այդ մասին վկայել։ Ու այս ամբողջ դատավարությունից ես հասկացա, որ կատարվածը պատահականություն է եղել։ Ես՝ որպես մայր, շատ ցավում եմ, ես երեք զոհ ունեմ։ Երբ, որ Դավիթի մասին են խոսում, իմ մոտ երեք զոհ է, ամեն մեկը մի ձեւով։ Ես Դավիթին մարդասպան չեմ համարում ու դա կապացուցվի»,-ասաց դատապարտվածի մայրը։
Տիկին Լիդայի խոսքով՝ Դավիթը երբեք բանակում խնդիրներ չի ունեցել եւ իրենց մտքով երբեք չի անցել, որ կարող է նման դեպք պատահել։
«Դավիթը առանձնահատուկ մարդ է մեծացել՝ իր արժանիքներով, իր մտածողությամբ։ Կարող է դպրոցում գնահատականները գերազանց չեն եղել, բայց նա կյանքի մարդ է եղել, ուղղակի նրա նկատմամբ շատ անարդար վարվեցին։ Այսօր շատ վրդովված եմ ու վիրավորված. հիմա բանակ գնալը դարձել է վիճակախաղի նման մի բան, մեկին լավը կտա, մեկին կխորտակի։ Ահավոր վիրավորված եմ, որ արդարություն չկա»,- ասաց մայրը։
Դավիթ Խաչատրյանը երեք եղբայրներից ամենափոքրն է, դպրոցական տարիքում հետաքրքրվել է նկարչությամբ ու քանդակագործությամբ։ Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, փոքր բնակարանում։
Դավիթ խաչատրյանի հայրն էլ՝ Ռաֆայել Խաչատրյանն մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դիմելու են բոլոր հնարավոր ատյաններին՝ արդարության հասնելու համար։
«Անարդար դատավճիռ է, ոչ մի բան հաշվի չեն առնում, մեր փաստաբանի ասածները կույր մարդը կարա հասկանա՝ ինչ է ասում, բայց իրենք չեն հասկանում։ Եթե զենքը պահեր մասսայի վրա, մասսան վախից կփախներ, նա կատակ է արել, պատահական կրակոց է եղել, նա երբեք չէր ուզի իր ընկերոջը կրակեր, սպաներ, նամանավանդ, որ Հրաչյան իր շատ մտերիմ ընկերն է եղել»,-ասաց նա։
Հոր խոսքով՝ դատական մարմնի վրա մեծ ազդեցություն է թողել Լյուքս Ստեփանյանի հարազատների բարձրացրած աղմուկը. «Նրանց շուխուր անելուց, նրանց խոսելուց, հայհոյանքներից վերեւները վախեցան երեւի։ Մենք էլ երեւի պիտի ավելի շատ՝ մի 300 մարդկանցով գնայինք, վրա տայինք, հերն էլ անիծեինք, համ իրենց, համ պետության, լավ կլինե՞ր այդպես։ Ես չեմ ասում՝ իմ տղուն բերեն, նստացնեն կողքս, բայց թող արդարացի պատիժ տան. ինչ արել է, թող դրա համար պատժվի»։
Ծնողները պատմում են, որ իրենք դատական նիստերին չեն մասնակցել, որպեսզի մյուս կողմի հետ կոնֆլիկտ չառաջանա։
«Եթե մենք գնայինք, համ մեր կողմից զոհ կլիներ, համ իրենց։ Արժե՞ր դրա համար մի կաթիլ մեղրի պատմություն սարքել։ Չեմ հասկանում՝ ինչի՞ են ցմահ կամ մահապատիժ ցանկանում իրենք, քանի որ եթե դիտավորյալ կրակեր, կգնար Լյուքսի դիմացը կկանգներ, կկրակեր, հետո էլ կփախչեր, ոչ թե կմնար, տեղում ողբար»,-ասաց Ռաֆայել Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Խաչատրյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման, որից 13-ը սպանության, 4-ն էլ՝ ծանր հրազենային վնասվածք հասցնելու համար։ Ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:











