«Ոչ Ցեղասպանություններին» երիտասարդական նախաձեռնությունն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, 40 ջահակիրների հետ  մեկնարկեց ջահերով երթը Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ Իրաքի ծայրահեղական իսլամիստների կողմից եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը բարձրաձայնելու եւ դատապարտելու համար (ֆոտոռեպորտաժ

«Մենք հավաքվել ենք՝ բացահայտելու եզդիների նկատմամբ ցեղասպանությունը, ինչպես նաեւ բարձրաձայնելու այդ չարիքի մասին: Մենք մեզ մենակ չենք զգում, քանի որ մեր հայ եղբայրները մեր կողքին են»,- երթի մեկնարկին հավաքվածներին բարձրախոսով դիմեց Եզդիների միության փոխնախագահ Խդըր Հաջոյանը:

«Ոչ ցեղասպանություններին, 100 տարվա անտարբերության հետեւանքները», «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով մոտ 200 եզդիների երթին մասնակցում են նաեւ երեխաներ: Երթի մասնակիցները ձեռքերում են պահել  իրենց սպանված ազգակիցների լուսանկարները:

Ինչպես նախապես հայտարարել էին նախաձեռնության անդամները, 40 ջահակիրների մասնակցությունը սիմվոլիկ նշանակություն ունի, սեպտեմբերի 11-ին լրանում է 40 օրը, երբ եզդիների նկատմամբ սկսվեց ցեղասպանությունը: Այն խորհրդանշում է նաեւ Մուսա լեռան 40 օրը. հենց օգոստոսի 12-ին էին ֆրանսիական նավերը եկել եւ փրկել հայերին:

Նշենք, որ նախատեսվում է նմանատիպ երթեր անցկացնել նաեւ Արցախում, Ռուսաստանում, Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ից սկսած եզդիների ցեղասպանությանը զոհ է գնացել 15-20 հազար մարդ, ավելի քան 100 հազարը դարձել է փախստական։