Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն, որին կմասնակցեն հայտնի ընկերություններ, ժյուրիի անդամներ եւ 10-ից ավելի երկրների մասնակիցներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է  Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄԷ-ի, Լիբանանի, Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:

Բիենալեի հիմնական անվանակարգերն են՝ հեռուստա- եւ տեսագովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, ռադիոգովազդ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գրքեր, սոցիալական գովազդ:

Մարտիրոսյանը նաեւ հայտնեց, որ բիենալեի նպատակը աշխարհի տարբեր երկրների գովազդային ընկերությունների միջեւ կապերի հաստատումն է, ինչպես նաեւ գովազդի ոլորտում փորձի եւ գիտելիքների փոխանակության կազմակերպումը, հայ ուսանողների եւ մասնագետների աճին ու զարգացման նպաստումը:

«ԱյՓի մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյաի խոսքով՝շատ կարեւոր են բիենալեի շրջանակներում մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերը, հատկապես ինտերնետ-գովազդի ոլորտում, քանի որ ներկայումս գովազդի հենց այդ տեսակն է առավելապես պահանջված: