Քաղաքների բնակիչներն արդեն սովոր են, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց միջեւ վիճաբանությունների ականատես են դառնում: Սակայն Ավստրալիայում փողոցում հարաբերություններ են պարզում ոչ միայն մարդիկ:
Երկու զայրացած եւ ակնհայտորեն ինչ-որ բան չկիսած կենգուրուները Նոր Հարավային Ուելսում քաղաքի կենտրոնում կռվի են բռնվել: Երկու արուների ծեծկռտուքը նկարահանել է պատահական անցորդը:
Կենդանիները միմյանց վրա հարձակվել են բռունցքներով եւ ոտքերով՝ ապացուցելով, որ իրենք նույնպես տիրապետում են փողոցային կռիվների արվեստին:
Ըստ Mail Online-ի՝ կենգուրուները նաեւ մարտական հնարքներ են ցուցադրել. բռնելով միմյանց եւ փորձելով գետնին տապալել՝ արուները փորձել են ապացուցել իրենց գերակայությունը:
Բավական երկար տեւած կռիվն ակնհայտորեն ուժասպառ է արել հակառակորդներին, սակայն նրանց ոչ ոք չի նահանջել:
Տեղի բնակիչների խոսքով, հազվադեպ կարելի է նման ներկայացման ականատես դառնալ, այդ պատճառով կենգուրուների մենամարտի տեսանյութն արագորեն տարածվել է Ավստրալիայում:
Ըստ մասնագետների, կենգուրուները հզոր հետեւի վերջույթներ ունեն, որոնք գործածում են ցատկելիս: Իսկ նրանց երկար եւ հզոր պոչը հնարավորություն է տալիս հավասարակշռություն պահպանել:











