«Dan Clay» ստեղծագործական կեղծանունով հանդես եկող 17-ամյա Վահան Կիրակոսյանը Եվրախորհրդի եւ «No Hate Speech» (Ոչ ատելության լեզվին) շարժման համատեղ կազմակերպած «Իսլամաֆոբիան եւ կրոնական անհանդուրժողականությունը» թեմայով լուսանկարչական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

«Ընկերներիցս մեկը ինձ խորհուրդ տվեց դիմել մրցույթին։ Թեման ինձ համար մի փոքր անսովոր էր, քանի որ դժվարանում էին ինչ-որ գաղափար գտնել եւ գեղեցիկ ներկայացնել, որը միաժամանակ կունենար նաեւ ուժեղ միտք։ Երբ արդեն մրցույթի վերջնաժամկետը մոտենում էր, որոշեցի, այնուամենայնիվ, դիմել։ Նկարը, որն ուղարկեցի, պատկերում էր մի պապիկի ձեռքեր, որը քանդում էր պարանով կապված ձեռքեր։ Պապիկի ձեռքին դաջված էին իսլամը խորհրդանշող լուսինը եւ աստղը»,- NEWS.am-ին ասաց Վահան Կիրակոսյանը՝ անկեղծանալով, որ սպասում էր դրական արձագանքների, բայց չէր պատկերացնում, որ առաջին հորիզոնական կզբաղեցնեի։

Վահանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 15 տարեկանից, սովորել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ուսանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական լուսանկարչուհի Սկաուտ Թուֆանկջյանի մոտ։

«Սկաուտ Թուֆանկջյանը եկել էր ԹՈՒՄՈ, եւ դա ինձ համար մեծ շանս էր՝ լսել նրա դասախոսությունները եւ սովորել ֆոտոժուռնալիստիկա։ Նա ինձ խորհուրդ տվեց, որ չփոխեմ այն, ինչ կա, այսինքն ոչ թե նայեմ ու ինչ-որ բան սովորեմ, այլ սովորեմ ինքս իմ ունեցած հիմքի վրա, քանի որ, նրա խոսքով, ես շատ լավ եմ նկատում կադրերը, լավ են ստացվում հատկապես դետալային նկարները, իսկ գույները համահունչ են այն ամենին, ինչ կա իմ ներսում»,- ասաց Վահանը՝ ավելացնելով, որ ավելի շատ սիրում է նկարել արտ ոճում։

Վահանը առաջիկայում որպես հրավիրած հատուկ հյուր մեկնելու է Ստրասբուրգ մասնակցելու Մարդու իրավունքներին նվիրված ԵԽ կոնֆերանսին, որի շրջանակում պաշտոնապես բացվելու է նրա լուսանկարների ցուցահանդեսը։

Վահան Կիրակոսյանի հաղթանակած լուսանկարը