Հոկտեմբերի 27-ի կատարողները պատժված են, ուղղորդողները՝ դեռ ոչ։ Այս մասին ասսօր՝ հոկտեմբերի 27-ին,լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը «Եռաբլուր» էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի, Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորների ուղեկցությամբ։
«Նրանք, ովքեր կատարողներն էին, պատժված են, բայց ուղղորդողները դեռ հայտնի չեն»,- ասաց նա։
Լրագրողների հարցին, թե երբ նրանց անունները հայտնի կլինեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ կարողանանք երկրի տնտեսական աճն ապահովել, հզոր Հայաստանում»։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ի 15-րդ տարելիցին, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, ազատամարտիկներ։
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին:













