Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետեւանքով զոհված Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Հոկտեմբերի 27-ի գործը համարում է չբացահայտված: Նա համաձայն է ՀՀ շատ քաղաքական գործիչների այն տեսակետի հետ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը արտաքին միջանտության հետեւանք է, սակայն կարծում է, որ եթե ներքին համապատասխան ծառայությունները անթույլատրելի անգործության մեջ չլինեին, հնարավոր կլինել խուսափել ողբերգությունից:

«Գործընթացները եւ դատաքննության զարգացումը հուշում էին, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը շահագրգռված է, որ գործը չբացահայտվի: Ինչ-ինչ բաներից վախենալով ամեն օրը ընթերցում էր էդ գործի նախաքննությունը, դատաքննությունը արագացնում էր , դանդաղացնում էր: Էս էն գործն էր, որի բացահայտումը պիտի ցույց տար, թե ովքեր են Հայաստանի թշնամները»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսանը:

Արամ Սարգսյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չի կարելի համարել, քանի որ եւ իր, եւ հասարակության մոտ կան բազմաթիվ հարցեր. «Հասարակության մոտ բազմաթիվ հարցեր կան՝ սկսած Հոկտեմբերի 27-ի կազմակերպումից, զենքերը ԱԺ տանելուց, էդ կրակոցներից յուրաքանչյուր զոհվածի առանձին զոհվելու պայմաններից: Անհասկանալի է, որ երկրի նախագահը գնում է բանակցության, երկու ժամ առաջ սենյակ են պատրաստում նախագահի համար եւ այդ սենյակը չի գաղտնալսվում: Իսկ եթե գաղտնալսվել է, ո՞ւր են այդ գաղտնալսվածի ձայնագրությունները, ի՞նչ երրորդ ձայնագրության մասին էր խոսում Տիգրան Նաղդալյանը: Բազմաթիվ հարցեր կան, որոնք առեղծված են մնացել»:

Վազգեն Սարգսյանի եղբայրը կարծում է, որ  աշխարհաքաղաքական խնդիրները, վերջին շրջանի զարգացումները եւս ապացուցում են, որ գործը բացահայտված չէ:

«Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր  երկրի պետականության, ժողովրդի դեմ: Երկիրը այն ժամանակ տարածաշրջանում առաջատար էր դարձել, Թուրքիայում  եւ Իրանում էլ ընկալումը լրիվ ուրիշ էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պարագայում: Ակնհայտ է, որ Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր, երկրի պետականության, ժողովրդի դեմ: Հետ հայացք գցելով նախկին ու ներկա քաղաքական զարգացումների վրա, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ Վրաստանն ուզեց ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես կորցրեց Աբխազիան եւ Օսեթիան, ինչ քաղաքական գործընթացներ եղան, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ որոշեց առանձին հանդես գալ առանց մեր մեծ եղբոր օժանդակության ու աջակցության: Ռուսաստանը իրենից անջատվող ցանկացած երկրի ինչ-որ կերպ պարտադրում կամ պատժում է»,- ասաց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեր պետությունը հետ մղելու նպատակ ուներ. «Եթե հիշում եք, այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը վերադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Գյումրիում Ֆելիքս Փիրումյանի նշանակման ժամանակ ասաց, որ շատ կարճ ժամանակում խնդիրներ են լուծվելու: Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, լուրջ հեղինակություններ էին տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս: Նրանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը ոտնահարելու փորձ անգամ  որեւէ քաղաքական գործիչ կամ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա»:

Լրագրողի այն հարցին, թե ինչպիսին կլիներ Հայաստանը, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց.

«Իմ մոտեցումները շատ սուբյեկտիվ կլինեն, քանի որ Վազգենը իմ եղբայրն էր:  Ես համոզված եւ հավատացած եմ, որ բացարձակ այլ Հայաստան կունենայինք՝ ճանաչելով թե Վազգենին, թե Կարեն Դեմիրճյանին, թե «Արդարություն եւ դաշինք» այդ գործընթացը, որն սկսեց հիմք դնելով ժողովրդավարության: Հավատացեք, որ Վազգեն Սարգսյանը էսօրվա այս իշխանությունների վարած ընտրությունների նման ինքն էլ կարող էր, առանց Կարեն Դեմիրճյանի, Հանրապետականով մեծամասնություն վերցնել: Բայց Վազգենը հստակ հասկացավ, որ էդ ճանապարհը փակուղային է,  էդ փակել է պետք: Արժանապատվություն ուներ այս երկիրը, տարածաշրջանում գործող էր դարձել»:

Վազգեն Սարգսյանի խոսքով, այսօր մեր երկիրը այլ կլիներ, քանի որ հոկտեմբերի 27-ի զոհերը խորը բարոյականություն ունեցող լիդերներ էին:

«Զոհերը խորը բարոյականության մարդիկ էին, լուրջ բարոյականության, ոչ մեկ չի կարող ասել, որ  էն ժամանակ, երբ Ալիեւները մատանիներ էին նվիրում Բրեժնեւին, Դեմիրճյանը նման բան չի արել եւ թույլ չի տվել, որ իր ինքնասիրությունը ոտնահարեն, նույն կերպ Վազգեն Սարգսյանը: Ինքը չէր խմում Գրաչովի կենացը, լուսահիշատակ Պավել Գրաչովն էր խմում Վազգենի կենացը, եւ Վազգենին իր եղբայրը համարում: Սրանք մարդիկ էին, որոնք կարողանում էին իրենց շրջապատում դրսեւորել, կարողանում էին լիդեր լինել, որ դրսից եկածները իրենց սպասեն եւ ոչ թե իրենք նրանց: Նաեւ էդ առումով շատ համեստ էին իրենց ապրուստի մեջ։ Նայեք Դեմիրճյանի թողած տուն տեղը, հնարավորությունը, նայեք Վազգենինը, բացի այդ հպարտությունից, բացի էդ հաղթանակից ոչինչ չունեն»,- ասաց Արամ Սարգսյանը։