«Արցախբանկի» բաժնետեր, շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսը, թեեւ ըստ խոստացածի՝ այսօր՝ հոկտեմեբրի 29-ին, պետք է հանդիպեր «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերին, սակայն հանդիպումը չկայացավ:
Առավոտից «Արցախբանկի»՝ Երեւանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Նաիրի» մասնաճյուղի մոտ հավաքված մի քանի տասնյակ բնակիչներից մի քանիսին ընդունեց բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կամո Ներսիսյանը: 2 ժամ տեւած հանդիպումից, սակայն, բնակիչները դուրս եկան առանց որեւէ հստակ պատասխան ստանալու:
«Բաժնետերը չեկավ, մենք ուզում էինք հանդիպել բաժնետիրոջ հետ։ Հանդիպեցինք Կամո Ներսիսյանի հետ, ինքը ոչ մի կոնկրետ բան չասաց: Խոսում-խոսում, քննարկում էինք իրանց տված խոստումները, որ ինչեր խոստացավ Հրաչ Կապրիելյանը ժողովրդին, նորից գալիս, կագնում ենք էն կետին, որ ոչ մի բան էլ չեն արել առ հիմա»,-հանդիպումից հետո լրագրողներին ասաց բնակիչներից Զոյա Պետրոսյանը:
Բնակիչներից մի քանիսը հանդիպումից հետո գնացին ՀՀ կառավարության շենք, որտեղ նախատեսված է հանդիպում՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին բնակիչները նույնպես հավաքվել էին «Արցախբանկի» մոտ, պահանջում էին հանդիպում բանկի բաժնետերեր Հրաչ Կապրիելյանի եւ Վարդան Սիրմակեսի հետ: Նրանք հեռախոսազրույց էին ունեցել Հրաչ Կապրիելյանի հետ, որն ասել էր, որ բնակիչների խնդրով այժմ բանկի մյուս բաժնետեր, շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսն է զբաղվում: Բնակիչներին խոստացել էին, որ Վարդան Սիրմակեսն իրենց կհանդիպի այսօր:
Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին Հրաչ Կապրիելյանը բնակիչներին խոստացել էր նոր պայմանագրեր կնքել, ըստ որի բնակիչները գումար կավելացնեին եւ ավարտին կհասցվեր բնակարանների շինարարությունը, սակայն մինչեւ օրս չի կատարել իր խոստումը:
Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:











