Մենք նախատեսում ենք ռեժիմին հեռացնել 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրվանից: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ապրիլի 24-ից մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, եւ սկսվելու է արմատական, քաղաքական փոփոխությունների գործընթացը:
Ցեղասպանության հարյուրամյակն ուղղակի մի տարելից չէ, որի ժամանակ մենք պետք է հիշենք մեր զոհերին եւ մեր կորուստները: Մի փոքր հետ գնալով՝ մենք պիտի նայենք մեր պատմությանը եւ տեսնենք, թե Ցեղասպանության 50-ամյակն ինչ դեր ունեցավ մեր ժողովրդի կյանքում: Այդ ժամանակ մենք մեր պայքարով վաստակեցինք հիշողության իրավունքը, հիշելու իրավունքը եւ հանցավորին պատասխանատվության կանչելու իրավունքը, բայց ո´չ պատասխանատվության ենթարկելու, որովհետեւ դա կապված է ուժի գործոնի հետ (եթե ուժ չունենաս, չես կարող հանցավորին պատասխանատվության ենթարկել): Եվ այսօր` Ցեղասպանության հարյուրամյակին, մենք ուրիշ խնդիր պիտի դնենք. մենք պետք է դնենք համազգային վերածննդի, գաղութային այս վիճակից դուրս գալու եւ ազատ ու ինքնիշխան կյանքի սկիզբ դնելու խնդիր:
Եթե հայ ժողովուրդը Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին հետ նայելով ընդամենը տեսնի այս ավերակված վիճակը, բնականաբար, փշրվելու է հոգեբանորեն եւ գերմարդկային ջանքեր են պահանջվելու, որպեսզի ինքն ինչ-որ կերպ կարողանա հաղթահարել այդ անկումային տրամադրությունը եւ դուրս գալ դրանից:
Ուստի մենք պարտավոր ենք այդ օրը վերածել ոչ միայն հիշողության եւ ուրիշներից մեր հիշողության նկատմամբ հարգանք ակնկալելու օրվա, այլեւ վերածենք թռիչքի եւ ազգային նպատակների իրականացման մեկնարկային օրվա: Ահա այդ համազգային մեծ առաջադրանքի կատարման նպատակով է, որ մտածվել եւ որոշվել է ռեժիմի հեռացման գործընթացն սկսել ապրիլի 24-ին:
Մենք 2014 թ. մայիսի 16-ին կայացած հանրահավաքի ժամանակ նաեւ հայտարարեցինք, որ այս գործընթացի առաջնորդությունը ստանձնում է Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձանակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:











