Լուգանսկի աղջիկներին սրճարան կամ գիշերային ակումբ հաճախելու համար կձերբակալեն: Այս մասին նոյեմբերի 3-ին «Նովոռոսիայի ժողովրդական դատարանի» նիստի ժամանակ հայտարարել է անջատականների «Ուրվական» բրիգադի հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյը:
«Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ, նա ասել է, որ պարեկներին հատուկ հրաման է տրվելու՝ առանց բացառության ձերբակալել ակումբների կանանց:
«Կինը պետք է մայր լինի, օջախի պահապան: Իսկ ի՞նչ մայր կարող են նրանք դառնալ ակումբներից հետո: Ի՞նչ կարող են դաստիարակել»,- վրդովվել է հրամանատարը:
Նա ներկաներին հարցրել է, նրանց դո՞ւր է գալիս իր առաջարկը, ինչին դրական պատասխան է ստացել:
«Ժամանակն է հիշել, որ դուք ռուս եք: Ժամանակն է հիշել հոգեւորի մասին»,- եզրափակել է Մոզգովոյը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 30-ին, համացանցում հայտնվել էր «Նովոռոսիայի ժողովրդական դատարանի» առաջին նիստի տեսագրությունը, որտեղ, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ալչեւսկ քաղաքի 300 բնակիչներ դատապարտել էին բռնաբանության համար մեղադրվողներին:
«Ժողովրդական դատարանի» նախագահությունում է եղել նաեւ Ալեքսեյ Մոզգովոյը: Դատարանի դահլիճում ներկա զինվորական եւ քաղաքացիական հագուստով անձինք քվեարկել են՝ բարձրացնելով ձեռքերը: Մեղադրյալներից մեկին գնդակահարության են դատապարտել, իսկ մյուսին որոշել են ուղարկել առաջնագիծ, որպեսզի նա կարողանա «պատվով զոհվել»:
Ավելի ուշ անջատականները հաստատել են տեսագրության իսկությունը: Անջատականների «Ուրվական» բրիգադի հրամանատարը հայտարարել է, որ հիմա արդեն նման դատաքննություններ պարբերաբար են անցկացվելու:











