Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 10-ին, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակին: (ֆոտոռեպորտաժ)

Կաթողիկոսները հոգեհանգստյան արարողություն կատարեցին ի հիշատակՄեծ Եղեռնի նահատակների:

«Բնականաբար, մեր մտածումն էր, որպեսզի այսօր մինչեւ Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքների սկիզբը մեր եպիկոպոսաց դասով այցելենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մեր խոնարհումը բերենք մեր 1.5 միլիոն նահատակ զավակների հիշատակին եւ մեր աղոթքը բարձրացնենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղ, ապահով կյանքի համար, եւ հայցենք տիրոջից, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքները Սուրբ հոգու շնորհների ներքո իրականացվեն, եւ սպասվող ակնկալությունները մեր ժողովրդի իրականան»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն նշեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձություններով։

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակը վճռական անկյունադարձը պետք է դառնա մեր ժողովրդի պատմության մեջ: 100 տարի մենք հիշեցինք եւ հիշեցրինք, հիմա ժամանակն է, որ մեր պահանջատիրությանը նոր հուժականություն եւ նոր գունավորում տանք: Անցած ամիսներին հաճախակի կերպով այս կետը ես շեշտեցի, չի բավեր 100-ամյակի առիթով ձեռնարկներ կազմակերպել, հիշել մեր նահատակները, այդ բոլորը կարեւոր են անկասկած, սակայն ես կկարծեմ, որ երկու կարեւոր իրադարձություններ պիտի լինեն. առաջինը Ցեղասպանության նահատակների սրբադասումն է, այդ նահատակները ժողովուրդը կընդունի որպես հավատքի եւ հայրենիքի նկատմամբ արյուն թափած նահատակների, երկրորդը՝ Հայաստանում եւ սփյուռքում տեղի ունենալիք նախաձեռնություններն ու հանդիսություններն են, որոնք պետք է հետեւողականորեն շեշտեն մեր ժողովրդի  պահանջատիրական կեցվածքը»,-ասաց կաթողիկոսը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am