«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5.5 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, վաղվանից ընտանիքի հետ միասին անժամկետ հացադուլ կսկսի նախագահի նստավայրի դիմաց՝ որդու գործով արդար դատավարություն անցկացնելու պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, նախագահին ուղղված նամակը հանձնելուց հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լավրենտի Առուշանյանը, որն իր մի քանի տասնյակ բարեկամների հետ բողոքի ակցիա էր անցկացնում նախագահական նստավայրի դիմաց (ֆոտոռեպորտաժ):
«Մենք վաղվանից ընտանիքով հացադուլի ենք նսստելու նախագահականի մոտ՝ պահանջով, որ նախագահը խիստ հսկողություն հաստատի, որպեսզի ճնշումներ չլինեն դատարանների վրա, արդար դատաքննություն լինի, որովհետեւ որդուս մեղադրանքի հիմքում ընկած միակ ապացույցը անթույլատրելի ճանաչեցին, սակայն մեղադրական դատավճիռ կայացրեցին՝ այն համարելով հիմնավոր վարկած»,-ասաց Լավրենտի Առուշանյանը՝ նշելով, որ իրենց միակ հույսը նախագահն է:
Լավրենտի Առուշանյանը նշեց , որ նախագահին ուղղված նամակը հանձնելիս ինքը նամակների եւ դիմումների բաժնի պետ Աիդա Ասատրյանին տեղեկացրել է հացադուլ սկսելու իրենց մտադրության մասին, վերջինը նրանց հորդորել է հետ կանգնել այդ քայլից, սակայն իրենք վճռական են տրամադրված:
Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը աբսուրդ է համարում դատարանի որոշումը՝ ապացույցներով չհաստատված վարկածի հիման վրա դատել իր պաշտպանյալին:
«Միակ ցուցմունքը, որ Արտաշես Գալստյանն էր տվել, դատարանը անթույլատրելի ճանաչեց, բայց վարկածի հիման վրա մեղադրական դատավճիռ կայացրեց, ինչը նախադեպ է Հայաստանում: Իսկ այդ միակ վկան նախաքննության ընթացքում բռնության է ենթարկվել, նրան ծեծելով ստիպել են եւս մեկ անմեղ մարդու անուն տալ, ինչից մի քանի օր հետո նա հոր հետ ինքնասպան եղավ, ինչի պատճառը մինչեւ հիմա էլ պարզ չէ»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ գործն առաջին ատյանում քննվելուց եւ դատական ակտ կայացնելուց հետո Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը եւ նորից ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով քննության, որտեղ կրկին նույն դատավճիռն է կայացրել, եւ իրենք նորից են բողոքարկել: Այժմ գործը Վերաքննիչ դատարանում վիճաբանությունների փուլում է:
Փաստաբանը նշեց, որ չի կարող նշել, թե դատարանի վրա ում կողմից է ճնշում գործադրվել, բայց որ միջամտություն եղել է, դա ակնհայտ է:
Լիպարիտ Սիմոնյանը պատմեց, որ իր պաշտպանյալը՝ Աշոտ Առուշանյանը կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, ասպիրատուրան և Ամերիկյան համալսարանը, իսկ գիտական թեզի պաշտպանությունից օրեր առաջ նրան ձերբակալել են. «Էդ տղան ամբողջ կյանքը սովորել է, ուներ բարձր աշխատավարձ, նա չէր կարող ուրիշ նպատակներ ունենալ»:
Աշոտ Առուշանյանի հայրը գտնում է, որ գործի հետեւում կանգնած է Էրեբունու քննչականի քննիչ Մուշեղ Ալեքսանյանը, որի հայրը ոստիկանության բարձրաստիճան գնդապետ է:
«Քննիչն ամեն կերպ աշխատել է, որ մեղադրանք առաջադրի որդուս դեմ: Իսկ դատարանը անթույլատրելի համարելով միակ ցուցմունքը՝ մեղադրական ակտ կայացրեց»,-ասաց Լավրենտի Առուշանյանը:
Աշոտ Առուշանյանի հայրը բողոքի ակցիայի մյուս մասնակիցների հետ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ուղղված նամակ հանձնեց նաեւ Ազգային ժողովի նամակների բաժին։
Նշենք, որ Աշոտ Առուշանյանն արդեն 3 տարի գտնվում է կալանավայրում։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











