«Դեմ եմ» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ, որոնք պահանջում են իրավական ակտ ընդունել եւ «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին օրենքով պահումներ չկատարել պետական եւ մասնավոր սեկտորում համատեղությամբ աշխատողներից, այսօր՝ նոյեմբերի 12-ին, հավաքվել են Ֆինանսների նախարարության մոտ (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները կանգնել են Ֆինանսների նախարարության շենքի դիմացի մայթին, ոստիկանները, որ մի քանի շարքով պատ են կազմել, նրանց թույլ չեն տալիս անցնել դիմացի մայթ:

Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ վեճ է բռնվում, նրանք սուլում են, «ճանապարհ, ճանապարհ» են վանկարկում՝ ոստիկաններից պահանջելով չխոչընդոտել իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:

Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը, որը նույնպես Ֆինանսների նախարարության մոտ է, ակցիայի մասնակիցների հորդորեց  իրենց արարքով չխախտել հասարակական կարգը, այգում անցկացնել հավաքը, չխանգարել նախարարության աշխատանքը, այլապես իրենք այլ միջոցների կդիմեն:

Ակցիայի մասնակիցները սակայն, շարունակում են փորձեր անել նախարարության շենքի մուտքի մոտ կանգնելու համար: Նրանք իրենց պահանջով նամակ են բերել, որը ցանկանում են հանձնել Ֆինանսների նախարարին:

«Նոր օրենքով խնդիր է առաջանում համատեղությամբ աշխատող գիտնականների եւ դասախոսների համար: Մենք բարձրաձայնել ենք խնդիրը, որ այդ չարաբաստիկ օրենքի պատճառով համատեղությամբ աշխատողներից պահումներ չանեն երկու աշխատավայրից էլ: Վարչապետը հանձնարարական տվեց խնդրին լուծում տալ, բայց դրանից հետո ոչ մի փոփոխություն: Հիմա եթե մինչեւ դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվեն այս սոցիալական վճար կոչված պատուհասից, ստիպված են սոցվճար տալ երկու աշխատավայրից էլ: Մենք այսօր հավաքվել են այստեղ ֆինանսների նախարարից պահանջելու, որ ուշադրության արժանացնի վարչապետի հանձնարարականը, եւ պահումներ չկատարի»,-հայտարարեց Դավիթ Մանուկյանը:

Նշենք, որ ակցիային ներկա են նաեւ դասախոսներ տարբեր բուհերից:

Նշենք, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» ձևափոխումից հետո, երբ այն հակասահմանադրական ճանաչվելով դարձավ «Նպատակային պարտադիր սոցիալական վճար», պետական համակարգում աշխատող քաղաքացիներն, առանց կամարտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա, նրանցից «Նպատակային պարտադիր սոցիալական վճար» են պահում 2 աշխատատեղերից:

Բուհերում աշխատողներն իրենց խնդրի մասին բարձրաձայնել էին, վարչապետը սեպտեմբերի 4-ին հանձնարարել էր Ֆինանսների նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել նրանց բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել, սակայն մինչեւ օրս խնդիրը լուծված չի: