«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, կնոջ եւ որդու հետ միասին անժամանակ հացադուլ է սկսում նախագահականի դիմաց՝ պահանջելով, որ նախագահը հետեւի դատարանների անաչառ աշխատանքին եւ իր որդին արդարացվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը, որի համոզմամբ, որդին իրենց վերագրված հանցագործության հետ որեւէ առնչություն չունի։

«Երեկվանից սկսած մենք խաղաղ ակցիա ենք կազմակերպել նախագահականի դիմաց: Ես համոզված եմ, որ նախագահը այս ամենի մասին տեղյակ չի, կատարվում է նախագահի թիկունքում, դրա համար էլ մեր հույսն ու հավատը նախագահի կողմն է, որ նա անպայման մեր ձայնը կլսի, եւ ովքեր միջամտում են, ովքեր խանգարում են, ովքեր պատվեր են տալիս դատարաններին, նրանց դեմը կառնի»,- NEWS.am-ին ասաց Լավրենտի Առուշանյանը:

Աշոտ Առուշանյանի ծնողները վստահ են, որ դատական ատյանների վրա ճնշումներ են գործադրվում:

 «Մենք միայն պահանջում ենք, որ ճնշումներ չլինեն դատարանի վրա եւ դատավորները կայացնեն արդար, անկողմնակալ վճիռ: Արդեն թվով 8 դատավոր է քննել որդուս գործը եւ սկզբնական շրջանում նիստերի մենք զգում էինք դատավորների դրական կողմնորոշումը, բայց գալիս է վերջին պահը, դատական ակտ է կայացվում ճնշումների ազդեցությամբ»,- ասաց Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը։

Նշենք, որ Աշոտ Առուշանյանի փաստաբանը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում։