Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած` միկրոավտոբուսի վարորդ Ռազմիկ Մկրտչյանն ամուսնացած էր, 3 երեխա ուներ:
Գյումրիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զոհված վարորդի եղբայրը՝ Գեւորգ Մկրտչյանը, պատմեց, որ Ռազմիկ Մկրտչյանը երկու որդիները Ռուսաստանի Դաշնությունում են ապրում, իսկ դուստրն էլ բուժքույր է:
«Ռազմիկը 37 տարվա վարորդ էր, վերջին 7-8 տարիներին էլ Երեւան-Գյումրիի գազել էր քշում, շատ դանդաղ էր վարում. ուղեւորները դժգոհում էին եւ շատերը հենց դանդաղ քշելու պատճառով իր հետ հրաժարվում էին Երեւան կամ Գյումրի գնալ: Եղբայրս էլ ասում էր, որ ինքն այդքան մարդ է տանում, բերում, պետք է ուշադիր լինի»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը:
Դեպքի մասին նա իմացել է հեռուստացույցով, զանգահարել է Գյումրիում աշխատող իր ծանոթ փրկարարներին, ովքեր խաբել են՝ ասելով, որ Ռազմիկ Մկրտչյանը վերակենդանացման բաժանմունքում է. «Բայց զգացի, որ ձայնը դողդողում է: Հետո զանգեցի տղայիս, ասաց՝ ամեն ինչ լավ ա, պապա, բայց առավոտ շուտ պիտի գնանք Երեւան: Էդ մասով ենք անցել, կարծես կինո նկարահանված լիներ: Որտեղ է եղբորս մեքենան, որտեղ է բեռնատարը, մոտ 60-70 մետր հեռու է իրարից: Պատկերացրեք, թե ինչքան մեծ արագությամբ է այդ մեծ մեքենան եկել ու հարվածել»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:











